Ուկրաինայում ընտրական գործընթացը կմեկնարկի վաղը
Ուկրաինայում ընտրական գործընթացը կմեկնարկի վաղը՝ փետրվարի 25-ին։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Կոնստանտին Խիվչենկոն հայտարարել է, որ ԿԸՀ-ն պարտավորված չէ համապատասխան հայտարարություն անել։
«Իրավական տեսանկյունից ԿԸՀ-ի նիստ անցկացնելու անհրաժեշտություն չկա՝ ընտրական գործընթացի մեկնարկի մասին բարձրաձայնելու համար։ Դա արդեն ենթադրում է Գերագույն ռադայի ընդունած որոշումը, և ընտրական գործընթացը մեկնարկում է արդեն վաղվանից»,-ասել է Խիվչենկոն։
Ռադայի պատգամավորները փետրվարի 22-ին կողմ էին քվեարկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկին։
Արդեն երեկ Գերագույն ռադայի նիստի ընթացքում Ուկրաինայի պատգամավորները ռադայի նախագահին լիազորել են ժամանակավորապես ստանձնել նախագահի պարտավորությունները՝ համաձայն Ուկրաինայի սահմանադրության։ Նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2014թ.-ի մայիսին։










