Ռ. Քոչարյանը ասել է այն, ինչ ամբողջությամբ ասել եմ ավելի վաղ. Հ. Բագրատյանը՝ 2-րդ նախագահի գնահատականների մասին

23:07 • 24.02.14

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամբողջությամբ կրկնել է այն, ինչի մասին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ասել է:

 

«Մաքսային միության տնտեսական հետևանքների վերաբերյալ ես նմանատիպ գնահատականներ եմ տվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ կասի Ռոբերտ Քոչարյանի տնտեսագիտական գնահատականների մասին, որոնք վերաբերում են Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության դեպքում հնարավոր կորուստներին ու ձեռքբերումներին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով նշված հարցին, նշել էր, որ չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ, քանի որ դրանով գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդվեց: Ապա նշել էր, որ չի կիսում մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի հասցնելու հարցում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են:

 

«Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոնների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն»,-ասել էր Ռոբերտ Քոչարյանը իր մի շարք այլ գնահատականների թվում:


Հրանտ Բագրատյանն այն կարծիքին է, որ, եթե հրատապ փոփոխություններ չլինեն, Հայաստանում ևս կլինի «Մայդան»։