Հայաստանում հնարավոր է սոցիալական բունտ, բայց ոչ՝ քաղաքացիական. կարծիքներ

21:50 • 24.02.14

Թեև քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները զուտ քաղաքացիական էին, բայց կարծում է, որ Հայաստանում էլ իշխանությունների դեմ նման շարժում չի բացառվում:

 

«Բայց, նախևառաջ դրա մասշտաբներն էականորեն տարբեր են լինելու, և երկրորդ՝ Հայաստանում իշխանությունների քաղաքական կամքը և լեգիտիմությունը որակապես էականորեն տարբերվում է այն լեգիտիմությունից և կամքից, որ դրսևորել է Ուկրաինայի իշխանությունը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

 

Ըստ նրա՝ ուկրաինական շարժումը չի կարելի միանշանակ քաղաքացիական անվանել, քանի որ այնտեղ կար և՛ քաղաքական տարր, և՛ քաղաքացիական ռազմական անհնազանդություն, և՛ միանշանակ է, որ այնտեղ գոյություն ունեցող իրադարձություններին «ներկա» է եղել արտաքին օժանդակությունը:

 

Հարցին, թե Հայաստանում հնարավո՞ր է քաղաքացիական լայնամասշտաբ շարժում՝ առանց կուսակցությունների դերակատարության, Ալեքսանդր Մարգարովը պատասխանեց. «Այն, որ Հայաստանում կա որոշակի զանգված, որը հանդես է գալիս որպես ընդդիմադիր, դա միանշանակ է: Բայց առայժմ մենք չենք կարող տեսնել այն քաղաքական ուժը, որն ի վիճակի կլիներ այդքան համախմբած հանդես գալ, որ կոնսոլիդացնի այդ ընդդիմադիր զանգվածին»:

 

Քաղաքագետի գնահատմամբ, հայաստանյան ընդդիմադիր զանգվածն իր որակներով և իր ջրաբաժաններով էականորեն տարբերվում է Ուկրաինայում առկա ընդդիմադիր զանգվածից, իսկ իշխանությունները՝ իշխանություններից:

 

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում հնարավոր է սոցիալական բունտ, բայց ոչ քաղաքացիական:

 

«Գոնե այս պահին, իմ կարծիքով, քաղաքացիական շարժում հնարավոր չէ»,-ասաց Կարեն Քոչարյանը, նշելով, թե քաղաքական ուժերի միջամտությամբ, միգուցե, հնարավոր է. այդպես ավելի հեշտ կլինի այն առումով, որ քաղաքական ուժերը գիտեն, թե շարժումն ինչ ուղղությամբ տանեն:

 

«Բայց դա արդեն կլինի ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական: Այս պահին չկա այն քաղաքացիական գիտակցումը, որ լինի այդպիսի հզոր շարժում,-ասաց Կարեն Քոչարյանն, ընդգծելով, թե ինքը չի կարծում, որ ուկրաինական շարժումը քաղաքացիական է,-սկսած նրանից, որ Յանուկովիչն ուղղակի կրիմինալ էր, վերջացրած նրանով, որ նրա դեմ պայքարողներն էլ պակաս կրիմինալ չեն, նկատի ունեմ՝ լիդերները: Ստացվում է, որ կրիմինալի մի թևը պայքարում էր կրիմինալի մյուս թևի դեմ, այլ խնդիր է, որ օգտագործում էին ժողովրդի քաղաքացիական ձգտումները»: