Հայաստանում ամեն գետի վրա 5-6 ՀԷԿ կա, արդյունքում մեր գետերը դարձել են «կանալ». բնապահպան
Հայաստանում հիդրոէլեկտրակայանները շատ մեծ խտության են՝ ամեն մի գետի վրա մոտ 6 ՀԷԿ կա, ինչն ահավոր մեծ բնապահպանական վնասներ է հասցնում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:
«Բացի այդ, մեր գետերը սեզոնային են, օրինակ՝ ՀԷԿ-երը ամռանը չպետք է աշխատեն, որովհետև գետում շատ քիչ ջուր կա: Հետո պիտի էկոլոգիական թողք անեն, այսինքն՝ գետի ինչ-որ մասը պետք է անարգել գնա, որ ձկները, մյուս կենսաբանական էակները նորմալ կարողանան շրջանցել գետը, բայց դա չեն անում, ամբողջ ջուրը վերցնում են, ու փաստորեն, էկոլոգիական վնասը շատ մեծ է: Եվ այսօր Հայաստանում գետերն ուղղակի վերածվել են կանալների»,-ասաց բնապահպանը:
Նրա խոսքով՝ սա ոչ միայն բնապահպանական, այլև գյուղատնտեսական վնասներ է հասցնում , քանի որ գետերը ՀԷԿ-երի սեփականատերերի գործունեության արդյունքում «շրջանցում են» գյուղերը, ինչի արդյունքում՝ չորանում է գյուղացու բերքը:
«Էլ չասած՝ անապատացման մասին, որ գրեթե ամենուր է»,-հավելեց Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ առկա նորմատիվներն էլ, որոնք առանց այն էլ սահմանվել են առանց հաշվի առնելու մեր երկրի բնակլիմայական պայմանները, չեն պահպանվում:










