«Մայդանցիներին» Ուկրաինայի կառավարությունում պաշտոններ են առաջարկել

14:58 • 24.02.14

Ուկրաինայի կոալիցիոն կառավարության կազմում պետք է ընդգրկվեն «Եվրամայդանի» ներկայացուցիչները: Այդ մասին հայտարարել է «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, գրում է lenta.ru-ն:

 

Նրա կարծիքով՝ ակտիվիստները պետք է ղեկավարեն մի շարք նախարարություններ (թե հատկապես որոնք, Յացենյուկը չի հստակեցրել):

 

«Նաև առաջարկում եմ, որ յուրաքանչյուր նախարարությունում մտցվի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով նախարարի տեղակալի պաշտոն, և այդ պաշտոնը նույնպես պետք է զբաղեցնեն Մայդանի ներկայացուցիչները»,- ընդգծել է Յացենյուկը:

 

Ավելի վաղ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարության կազմում կընդգրկվի Կիևում ոստիկանության հետ բախումներին և վարչական շենքերի գրավմանն ակտիվորեն մասնակցած «Պրավիյ սեկտոր»-ից ներկայացուցիչ:

 

Ավակովի խոսքով՝ նախարարության ղեկավար մարմիններն աշխատանքի կվերցնեն «Ինքնապաշտպանության» և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչների: