ՀՀ ԿԳՆ–ն և «Միջազգային բակալավրիատի» ծրագիր համագործակցության հուշագիր են ստորագրել

12:18 • 24.02.14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման մասին, այս մասին տեղեկացնում է ԿԳՆ կայքը:


Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև:


Կազմակերպությունը կօժանդակի ՀՀ «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ:


Նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրին:


Կողմերը պատրաստակամություն են հայտնում ապահովել «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի` որպես համարժեք կրթական որակավորում ճանաչվելը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով:


Կողմերը պատրաստակամություն են հայտնում ուսումնասիրել «Միջազգային բակալավրիատի» ծրագրի հայալեզու դարձնելու հնարավորությունները և աջակցել ինչպես «Միջազգային բակալավրիատի» ծրագրի, այնպես էլ Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը: