Կորած Յանուկովիչին «գտել են» վանքում
Ուկրաինայում տարածել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի ենթադրյալ գտնվելու վայրի մասին հերթական տեղեկությունը, գրում է lenta.ru-ն:
«Յանուկովիչին հայտնաբերել են Մոսկվայի պատրիարքության վանքերից մեկում անվտանգության աշխատակիցների և մերձավոր շրջապատի հետ։ Նրա հետ մարդկանց ընդհանուր թիվը մոտ հազար է»,- Facebook-ում գրել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդ Բրիգինեցը:
Այդ տեղեկությունն այլ աղբյուրներից հաստատում կամ հերքում չի ստացել:
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Վլադիմիր Կուրենոյը հայտարարել էր, որ Դոնեցկից Մարիուպոլի ուղղությամբ (հնարավոր է՝ սահման տանող մայրուղի) դուրս է եկել ավտոշարասյուն, որտեղ իբր կարող է գտնվել Յանուկովիչը: Ավելի վաղ նա տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը. «Ձերբակալվե՞լ է: Տեղեկությունը 80 տոկոսով է: Ստուգում ենք»: Սակայն ընդդիմադիր Վալենտին Նալիվայչենկոն, ով նշանակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության համակարգող, հայտարարել է, որ Յանուկովիչի ենթադրյալ ձերբակալության մասին ոչինչ չգիտի:
Նշենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտնել է, որ հրահանգ է տրվել ձերբակալել Յանուկովիչին։










