Եթե կոալիցիոն «գազային հանձնաժողովի» եզրակացության ժամկետը նոյեմբերն է, ապա ԲՀԿ-ն ևս չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս կվերանայի իր մասնակցությունը կոալիցիոն «Գազային հանձնաժողովում», եթե, ինչպես նախատեսված է, հանձնաժողովի եզրակացություն ներկայացնելու ժամկետ սահմանվի նոյեմբերը: ԲՀԿ-ի նոր վերապահման մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Այո՛, մենք բովանդակային առումով ոչ մի խնդիր չենք տեսնում ներկայացված ԱԺ որոշման նախագծի հետ կապված, սակայն ժամկետների հետ կապված , այն է՝ թե երբ է սահմանվում ժամանակավոր հանձնաժողովի՝ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու ժամկետը, կպայմանավորի, թե մենք կմասնակցե՞նք , թե՝ ոչ, որովհետև նոյեմբերը մեզ համար ընդունելի ժամկետ չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա արդեն ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին ներկայացրել է առաջարկություն. եզրակացություն ներկայացնելու ժամկետ սահմանել մայիսի վերջը կամ մինչև գարնանային նստաշրջանի ավարտը:
«Ի վերջո, չեմ կարծում, որ նախագծով առաջադրված խնդիրներն այնպիսին են, որ մինչև նոյեմբեր դրանք քննարկելու անհրաժեշտություն լինի»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովում աշխատելուն «Ժառանգությունն» ու «Հայ ազգային կոնգրեսը» առայժմ դեռ չեն տվել իրենց համաձայնությունը՝ պայմանավորված մի շարք հարցերի , այդ թվում՝ հանձնաժողովի դռնփակ լինելու հետ:
Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ-ը կոալիցիային է ներկայացնելու հանձնաժողովի աշխատանքների իր ձևակերպումը:










