Ռովնոյում տեղի է ունեցել Կիևում զոհված Գեորգի Հարությունյանի հուղարկավորությունը

12:37 • 24.02.14

Ուկրաինայի Ռովնո քաղաքում կայացել է Կիևում բախումների հետևանքով զոհված Գեորգի Հարությունյանի, Վալերի Օպանասյուկի և Ալեքսանդր Խրապաչենկոյի հուղարկավորության արարողությունը, հայտնում է aspekty.net-ը։

 

Հուղարկավորությանը մասնակցել են հազարավոր ռովնոցիներ, հայ համայնքի ներկայացուցիչներ՝ Ուկրաինայի տարբեր շրջաններից։ Հուղարկավորության կարգին մասնակցել են հոգևորականներ ուկրաինական եկեղեցուց, ինչպես նաև Լվովի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թադևոս Գևորգյանը։

 

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում զոհերի հիշատակի համար հոգեհանգստյան պատարագ է մատուցվել։
 

«Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը խորապես ցավում և ցավակցություններն է հայտնում Ուկրաինայի ժողովրդին վերջին օրերի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ էին դարձել։ Մենք աղոթում ենք Ուկրաինայում զոհվածների հոգիների հանգստության համար», -ասված է հաղորդագրության մեջ։

 

Գեորգի Հարությունյանը կուսակցական ակտիվիստ է եղել («Ազատություն» կուսակցությունից)։ Նրա մահվանից հետո որբացել են երկու դուստրերը, որոնցից փոքրը 3 տարեկան է։