Կիևի «արյունալի» փողոցը կվերանվանեն «երկնային հարյուրյակի» պատվին

13:11 • 24.02.14

Կիևի կենտրոնական Ինստիտուտսկայա փողոցը, որտեղ տեղի են ունեցել ընդդիմադիրների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև արյունալի բախումներ, կվերանվանեն «երկնային հարյուրյակի», գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Վեստի»-ին: «Երկնային հարյուրյակ» են կոչում այն ակտիվիստներին, որոնք սպանվել են բախումների ժամանակ:

 

Փողոցը նոր անունով կոչելու առաջարկն արվել է Կիևի «ժողովրդական հավաքի» ժամանակ: Որոշներն անգամ առաջարկել են «երկնային հարյուրյակի» պատվին վերանվանել Ուկրաինայում գոյություն ունեցող բոլոր Լենինի փողոցները:

 

Ընդդիմադիր «Բատկիվշչինա»-ի պատգամավոր Անդրեյ Պիշնին արդեն խորհրդարանում գրանցել է Ինստիտուտսկայա փողոցը վերանվանելու առաջարկը: Դրանում նշվում է, որ այն համապատասխանում է «ուկրաինացի ժողովրդի ինքնիշխան կամքին»:

 

Ակտիվիստները, չսպասելով պաշտոնական վերանվանմանը, արդեն փողոցի անվան ցուցանակների վրա «Երկնային հարյուրյակի հերոսներին» գրությամբ թղթեր են փակցնում:

 

Առաջարկ է հնչել նաև «երկնային հարյուրյակի» և «Մայդանի հերոսների» հուշարձան կանգնեցնել: Այդ գաղափարին աջակցել է Կիևի քաղաքապետ Վլադիմիր Մակեենկոն, որը բախումների ժամանակ լքել էր իշխող Ռեգիոնների կուսակցությունը:
Խորհրդարան է ներկայացվել մայրաքաղաքում «ազգային հերոսների պանթեոն» ստեղծելու մասին առաջարկը: