Ազգայնական կուսակցության առաջնորդը ՌԴ-ի՝ Ուկրաինա ռազմական ներխուժման մասին մտավախություն է հայտնել

20:31 • 24.02.14

Ուկրաինայի «Սվոբոդա» ազգայնական կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ռազմական ներխուժում իրականացնել Սևաստոպոլում: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ РБК-Украина-ին հղումով, վերջինս այս հայտարարությունն արել է Գերագույն ռադայի՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած նիստի ժամանակ:


«Մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Սևաստոպոլին արդեն մոտենում են ՌԴ-ի զինվորական ուժերը, մասնավորապես՝ ռազմածովային նավերը», - ընդգծել է վերջինս:


Տյագնիբոկը նշել է նաև, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ նոր իշխանությունների կողմից հետախուզման մեջ հայտարարված նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Սևաստոպոլում: Այդ իսկ պատճառով ռազմական ներխուժումը կարող է պայմանավորված լինել Յանուկովիչին աջակցելու նպատակով, ինչպես կարծում է ընդդիմադիր առաջնորդը:


Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակն՝ այն վտանգավոր անվանելով Ռուսաստանի ազգային շահերին: Այս հայտարարությունից մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն խորհրդակցության նպատակով հետ է կանչել Կիևում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովին: