Մենք պետք է վերադառնանք եվրոպական երկրների ընտանիք. Ուկրաինայի ժամանակավոր ղեկավար

11:49 • 24.02.14

Համաշխարհային առաջնորդները կոչ են անում Ուկրաինայի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին պահպանել երկրի միասնությունը և հետևել նախկին պայմանավորվածություններին։ ԱՄՆ-ն և Եվրոպան անհանգստանում են իրավիճակի ապակայունացման համար, հատկապես՝ երկրի հարավ-արևելյան շրջաններում, որտեղ ոչ բոլորն են կիսում «Եվրամայդանի» ոգևորությունը, գրում է inotv.rt.com-ը՝ Euronews-ին հղումով։

 

Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, ով երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է, հայտարարել է, որ իրենց առաջնահերթություններից է եվրաինտեգրմանը վերադարձը։

«Դրանից է սկսվել պայքարը։ Մենք պետք է վերադառնանք եվրոպական երկրների ընտանիք։ Մենք հասկանում ենք նաև Ռուսաստանի Դաշնության հետ կապերի կարևորությունը»,- ասել է նա։

 

Մինչդեռ, Ռուսաստանի ԱԳՆ-ն հետ է կանչել Ուկրաինայում դեսպան Միխայիլ Զուրաբովին՝ խորհրդակցության համար։ Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ նրան հետ են կանչել երկրում իրավիճակի սրման պատճառով։

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսն էլ ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակում Ռուսաստանի ռազմական միջամտությունը լուրջ սխալ կլիներ։

 

Հիշեցնենք, որ Կիևում բողոքի ակցիաները սկսվել էին նախորդ տարվա նոյեմբերին, երբ երկրի այն ժամանակվա իշխանությունները հայտարարեցին Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի կասեցման մասին։