Անհնար է, մեր իշխանությունը ուղիղ է խոսում ժողովրդի հետ. ՀՀԿ-ականը Հայաստանում Ուկրաինայի դեպքերի կրկնության մասին
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը , անդրադառնալով Հայաստանում ուկրաինական իրադարձությունների կրկնման հնարավորությանը, հայտարարեց, որ «մեզ մոտ նման բան բացառված է»:
-Պարո՛ն Այվազյան, քաղաքական վերլուծաբաններից ոմանք մայդանը հնարավոր են համարում Հայաստանում՝ նշելով Ուկրաինայի հետ մի շարք ընդհանրություններ: Դրանք ենք. ժողովրդի դժգոհությունն իրենց կյանքից, օլիգարխների առկայությունը, նաև այն, որ նրանք էլ մեր նման գնում էին դեպի եվրաինտեգրում, սակայն վերջին պահին Յանուկովիչը հրաժարվեց: Ձեր կարծիքը՝ որքանո՞վ է հնարավոր ուկրաինական իրադարձությունների կրկնությունը:
- Անհնար է: Ընդհանրապես, Հայաստանում նմանատիպ զարգացումներ՝ մասսայական արյունահեղություն, բացառում եմ: Իսկ ինչո՞ւ համար է Հայաստանում բացառված, որովհետև ցանկացած պարագայում, երբ կրքերը թեժանում են... մեզ մոտ իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները լրիվ այլ որակի են, քան էնտեղ ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունները: Այսինքն՝ մեզ մոտ իշխանությունը ժողովրդի հետ խոսելու շատ տարբեր հնարավորություններ ունի: Ու ինքը դրանից չի խուսափում, ուղիղ գնում է խոսակցության: Կուզեք՝ ընդունեք, կուզեք մի ընդունեք:
-Ասացիք՝ «մասսայական արյունահեղություն», մեզ մոտ էլ է եղել արյունահեղություն:
-Տեսեք՛, 2014 թվականին մենք անդրադառնում ենք 2008-ին նախադեպերին, երկրորդ անգամ ստեղծում ենք հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի մարտիմեկյան դեպքերը: Այսինքն՝ հանձնաժողովը արդեն երկրորդ անգամ ուսումնասիրում է և կրակողներին պատասխանատվության է ենթարկում: Չի գտնում… այսինքն՝ եթե եղել են դեպքեր դա խուլիգանության և մասսայական անկարգությունների և զուտ իշխանության բռնազավթման հետևանքների հետ է կապված։ Վերլուծությունները խառնում եք դրա հետ կապված գործընթացին: Իսկ էսօրվա դրությամբ դրա հետ կապված գործընթացը բացահայտելու համար քաղաքական մեծամասնությունը նախանձախնդիր է և ասում է՝ պետք է պարզենք ցանկացածին: Տարբերությունը հիմա տեսնու՞մ ես, թե՞ քեզ ձեռ չի տալիս:
-Սոցիալական ցանցերում նման գրառում կարդացի, որ «Ռեգիոնների» կուսակցության ներկայացուցիչների՝ Կիևը լքելը մեկնաբանվում էր որպես՝«Ուկրաինայի ՀՀԿ-ականները լքում են Կիևը, բայց ժողովուրդը բռնում է նրանց»:
-Դուք, փաստորեն, առաջնորդվում եք սոցիալական ցանցերով: Իսկ ինչ վերաբերում է, որ ՀՀԿ-ականների հետ եք համեմատում, եթե ՀՀԿ-ական լինեին չէր լինի նման բան: Հենց ի սկզբանե: Տարբերությունը դրա մեջ է:
- Այսուհանդերձ, ժողովրդի հիմնական մասը դեմ է գազի սակագներին, կուտակայինին և այլ հարցերի: Այդ դեպքում՝ որտե՞ղ մնաց ուղիղ խոսելը։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալն էլ հայտարարում է, որ անգրագետ են նրանք, ովքեր չեն հասկանում այդ բարեփոխման իմաստը:
-Ես չեմ կարող գտնել մեկին, որը հայտարարի, որ ՀՀ ազգաբնակչությունը անգրագետ է: Սա առաջին, որովհետև մեր ժողովուրդը շատ ստեղծագործ է, և էդ մարդն էլ, որ նման բան է ասում, էդ ժողովրդի ծնունդ է, ու առաջինն ինքն իրեն է ասում: Երկրորդ. ասում եք՝ հիմնական : Այդ հիմնականի արտահայտման ձևը ո՞րն է: Ասեմ, որ մեծամասնության արտահայտությունը ձևավորվում է քաղաքական մեծամասնության և ընտրությունների միջոցով: Հիմա ընտրությունների միջոցով ձևավորվել է քաղաքական այս համակարգը: Ու եթե 80 տոկոսը դեմ լիներ, ուրեմն պատկերը կլիներ 80 տոկոսանոց դեմ:
- Ինչո՞ւ է ՀՀԿ-ն ցանկանում դռնփակ անցկացնել «գազային հանձնաժողովի» նիստերը:
- Շատ ճիշտ է, որ պետք է լինի դռնփակ, որովհետև դռնփակ քննարկումների ժամանակ կարող են տարբեր տեսակետներ լինել, որոնք կարող են դառնալ քաղաքական շահարկման պատճառ: Բայց ոչ որոշումները, իսկ դռնփակը վերաբերում է քննարկմանը: Կարող է էդ դռնփակ նիստի ժամանակ ես մի հատ արտահայտություն անեմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է գողացել ու էդ գողացման հետ կապված Դուք դարձնեք քաղաքական շահարկման առարկա, հա՛մ էդ մարդը վատ զգա, որոշակի անհանգստություն ունենա, հա՛մ՝ ես:
-Նույնիսկ մարտիմեկյան հանձնաժողովը դռնփակ չէր:
-Չէ՛ , կարող է մի հարց քննարկենք, ու դա դառնա շահարկման առարկա: Ու եթե ես դռնփակ քննարկում եմ կազմակերպում դրանից հետո ցանկացած մարդ կարող է հարցազրույց տա մամուլի ներկայացուցիչների հետ, ու էդ ամեն ինչը քննարկի, բայց ոչ դռնփակ նիստի ժամանակ ներկայացված մոտեցումները դարձնեն քաղաքական շահարկման առարկա: Որ Վարդանը կամ Անուշը մի հատ սխալ բան են արել:
-Գազի ժամանակավոր հանձնաժողով նախորդ խորհրդարանում էլ է եղել, նախագահն էլ Ձեր նախկին տեղակալ Վարդան Բոստանջյանն էր: Ինքը վերջերս հայտարարեց, որ քանի որ գազը տաբու է, այդ հանձնաժողովը մի օր էլ չաշխատեց:
-Երևի այդ հարցը տաք պարոն Բոստանջյանին, թե ինչու չարեց: Իսկ որ ասում է ՝ տաբու, տաբուն ո՞րն է: Իմ համար էլ տաբու չէ: Չկար, չաշխատեց, որոշեցինք էս անգամ ավելի լավ մի հատ հանձնաժողով ստեղծենք: Ասեմ, որ նախկինը հանձնաժողով չէր, աշխատանքային խումբ էր ստեղծվել, և խմբի ղեկավար մենք առաջարկել էինք պարոն Բոստանջյանին: Բայց հիմա Ազգային ժողովի որոշմամբ ստեղծվում է ԱԺ հանձնաժողով, որի մեջ մտնելու են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ներկայացուցիչներ, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք նախանձախնդիր են այդ հարցերում: Երկրորդ՝ հարցաշարը այնպիսի մանրամասնությամբ է կազմված, որ որևէ մեկին կասկածի տեղիք չի տալու, մենակ 24 հարց է ներառված: Այսինքն՝ սա չի լինելու հենց այնպես հանձնաժողով, հանձնաժողովը աշխատելու է մանրակրկիտ:
-Սենց խոսք կա, որ եթե մի հարց ուզում ես թաղել՝ հանձնաժողով ստեղծիր։
-Հիմա ի՞նչ, ես ի՞նչ հասկանամ՝ օրվա կեսը «պո պոնյատիի եք շարժվում», մյուս կեսը՝ «պո զակոնու»: Մեկ ասում եք՝ ինչի՞ հանձնաժողովը չաշխատեց, հիմա՝ որ թաղելո՞ւ է: Հիմա ստեղծե՞նք, թե՞ չստեղծենք: Կամ՝ այո, կամ՝ ոչ:
-Ստեղծեք, բայց մի թաղեք:
-Բայց ինչո՞ւ ենք թաղում: Եթե թաղվի էլ, թաղողը լինելու են օպոզիցիայի ներկայացուցիչները, որովհետև իրենք մեզ հավասար իրավասություններ և պարտականություններ ունեն այդ հանձնաժողովի մեջ: Եթե ես ցանկանամ թաղել, թող օպոզիցիան գա ու հայտարարի, որ Այվազյան Վարդանը ցանկանում է այս հարցը թաղել: Օրինակ՝ ասեմ, որ մեզ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես է լինում, որ 189 դոլարանոց գազը բնակչությանը հասնում է 393-ով: Ձեզ համար հետաքրքի՞ր է: Իմ կարծիքով՝ Արամ Մանուկյանը կարող է մտնել էդ հանձնաժողով, Ձեզ ի՞նչ է թվում, Արամ Մանուկյանին մենք կարո՞ղ ենք ասել՝ դու ուրիշ բան ասա:
-Իսկ կալորիականությա՞ն խնդիրը:
-Ես «ՀայՌուսգազարդին» կամ էն մյուսին ո՛չ հավատալու, ո՛չ չհավատալու խնդիր չունեմ: Ասեմ, որ հանձնաժողովի հարցերից մեկն էլ դա է, ու եթե նախկին հանձնաժողովի հարցերը 4-ն էին, մեր մոտ՝ 24-ը: Եվ ամենայն հավանականությամբ, ընդդիմության առաջարկները ևս կներառվեն:
-Եվ վերջում, Դուք էլ եք կարծում, որ 4 ուժերը «ղալլաթ» են անում, որ Կառավարությանն ուզում են անվստահություն հայտնել:
-Ես բոլորին խորհուրդ կտայի ձեռնպահ մնալ նմանատիպ արտահայտություններից, թե ՛ էն կողմից, թե ՛ էս կողմից:










