ՀԱԿ-ն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը. ԱԺ նախագահը դեմ չկանգնեց

13:37 • 24.02.14

ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյային ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն առաջարկեց խորհրդարանին մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում տասնյակ զոհերի հիշատակը։ «Առաջարկում եմ, որ մենք խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգենք Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով տասնյակ զոհերի հիշատակը։ Դա մեծ չարիք է, և մենք պարտավոր ենք հոտնկայս հարգել հիշատակը և ցույց տալ, որ սա անընդունելի և դատապարտելի չարիք է»,- ասաց նա։


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե դեմ չէ, բայց հավելեց, որ հարգեն բոլոր զոհերի հիշատակը, այդ թվում նաև ոստիկանների։ «Պարոն Զուրաբյան ես դեմ չեմ, որ հարգենք բոլոր զոհերի հիշատակը, ոչ միայն մահաբեր զենքի կիրառումից, այլ նաև ոստիկանների, ոստիկաններին ինչո՞ւ չհարգենք։ Խնդրում եմ խորհրդարանին հոտնկայս հարգել բոլոր զոհերի հիշատակը»,- ասաց նա։


Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, որից հետո ձայն խնդրեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը և խորհուրդ տվեց զոհերին չօգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց։ «Իհարկե, ցավալի է, բայց պետք չէ զոհերին դարձնել սեփական քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց։ Լավ կլիներ նույն ուժը պահանջեր մեկ րոպե լռությամբ հարգել Սիրիայի մեր հայրենակիցների զոհերի հիշատակը, պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել»,- ասաց նա։