Ամո՛թ է Գուրզադյանին քաղաքային պանթեոնում հուղարկավորելը. քաղաքացիները եկել էին պահանջ-բողոքով (տեսանյութ)
ՀՀ ԳԱԱ հարակից տարածքում, որտեղից վերջին հրաժեշտն էին տալիս ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանին, հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր պահանջում էին, որ նրան հուղարկավորեն ոչ թե Երևանի քաղաքային, այլ՝ Կոմիտասի անվան պանթեոնում:
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ռիմա Բաղդասարյանը, ով բողոքողների թվում էր, ասաց, թե Գուրզադյանի նման մարդ հազարամյակը մեկ է ծնվում:
«Ամոթ է նրան քաղաքային պանթեոնում թաղելը, երբ ամեն մի անգրագետի տանում եմ Կոմիտասի անվան պանթեոն, իսկ այսպիսի գանձին՝ ոչ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռիմա Բաղդասարյանը:
Ինժեներ-մեխանիկ Պավլիկ Սարգսյանն ասաց, թե իշխանություններն արդեն պղծել են Կոմիտասի անվան պանթեոնը։
«Այնտեղ կան անարժան մարդիկ, ովքեր որ չպետք է լինեին այնտեղ: Սրբապղծություն է նրանց այնտեղ լինելը, մինչդեռ Գուրզադյանի համար այնտեղ տեղ չկա: Առավել մեծ նսեմացում հնարավոր չէր»,- ասաց Պավլիկ Սարգսյանը, ավելացնելով, որ ինքը տեղեկացել է նաև, թե Գրիգոր Գուրզադյանին քաղաքային պանթեոնում հուղարկավորելը նրա ընտանիքի կամքը չէ:










