Արգիշտի Կիվիրյանի դատը հետաձգվեց. տուժող ոստիկանը չէր ներկայացել նիստին

11:24 • 25.02.14

Քաղաքացիական ակտիվիստ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով երկրորդ դատական նիստը, որը պետք է տեղի ունենար այսօր՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել տուժող Վահան Վրթանեսյանը՝ պատճառաբանությամբ, թե վատառողջ է:


Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նրան բերման ենթարկելիս ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:


Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին հատուկ գումարտակի, 2-րդ վաշտի, 3-րդ դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանի հաղորդման հիման վրա, թե իբր Արգիշտի Կիվիրյանը հարվածել է նրան և զբաղվել ինքնավնասմամբ՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:


Այս գործով առաջին դատական նիստը եղել էր փետրվարի 12-ին: Հաջորդ դատական նիստը, կողմերի համաձայնությամբ նշանակվեց մարտի 4-ին: