Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց. նաիրիտցիները պահանջում են Նաիրիտի հարցով հանձնաժողով ստեղծել (թարմացված, տեսանյութ)

15:05 • 25.02.14

17.10


ԱԺ-ի մոտ ընդմիջման ժամին նաիրիտցիների հետ հանդիպման իջան «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Լևոն Զուրաբյանը:


Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացված նախագծի քննարկման ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իրենք համաձայն են, որ Նաիրիտի հարցը պետք է լինի ուսումնասիրության առարկա և մինչև աշուն հարցը լուծվի:


«Վաղը ժամը 12-ին հարցը քվեարկության կդրվի: Համոզված ենք, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու, բայց մենք պայքարը չենք դադարեցնելու՝ հիմնվելով Հովիկ Աբրահամյանի խոսքի վրա: Հարցը պետք է պահենք օրակարգում՝ միշտ ու անընդհատ»,- ասաց նա:


Արծվիկ Մինասյանը հավաքվածներին ասաց, որ խնդրի լուծմանը հասնելու համար անհրաժեշտ է լինել միասնական: Նա կոչ արեց բոլորին մյուս աշխատակիցների հետ վաղը ժամը 12-ին կրկին գալ ԱԺ-ի դիմաց ու պահանջել, որ քաղաքական մեծամասնությունը կողմ քվեարկի:


Պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ 4 խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի անունից էլ խոստացավ, որ հարցի շուրջ միահամուռ են և հարցը մշտապես պահելու են ուշադրության կենտրոնում:


«Շնորհակալություն, որ այստեղ եք, որովհետև առանց ձեզ հարցը չենք կարող լուծել, լավ է, որ ՀՀ քաղաքացին պայքարում է իր իրավունքների համար: Մենք ունենք գործ գողերի ու ավազակների հետ, որոնք զբաղված են պետական գույքը սեփականացնելով ու ձեր հաշվին հարստություն դիզելով: Նրանց դեմն առնելու միակ միջոցը նրանց դեմ նման ակցիաներն են: Ես բոլորին ասում եմ՝ մասնացե՛ք պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ տարվող ակցիաներին, բոլոր ակտիվիստներին կոչ ենք անում նաև մասնակցել այս ակցիային»,-ասաց նա:






 






Նաիրիտի մի խումբ աշխատակիցներ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով, որպեսզի որ ԱԺ-ն հաստատի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ Նաիրիտի բոլոր խնդիրները ուսումնասիրելու նպատակով։

ԱԺ-ի դիմաց նաիրիտցիներին սատարելու են եկել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որի վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ իրենք եկել են պահանջելու արդարություն նաիրիտցիների համար:


Գերասիմ Վարդանյանը նաև կոչ արեց ցուցարարներին սպասել մինչև ԱԺ-ի նիստի ավարտը, քանի որ նիստից հետո իրեն կմոտենան սատարող պատգամավորները:


Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանն ունի մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք: Գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2007-ից տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, իսկ 10 տոկոսը պատկանում է ՀՀ Կառավարությանը: Գործարանը աշխատակիցներին չի վճարել ավելի քան մեկ տարվա աշխատավարձ: