Ուրախ եմ, որ արձագանքն ավելի խելամիտ էր ու զուսպ. ՀՅԴ-ական պատգամավորը արդարադատության նախարարի մամլո խոսնակի արձագանքի մասին

21:02 • 25.02.14

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ երեսպաշտություն է, երբ դատողություն են անում Արմեն Ռուստամյանի արված արտահայտության մասին՝ անտեսելով նախարար Հրայր Թովմասյանինը, սակայն միաժամանակ ուրախ է, որ նախարարի մամուլի խոսնակի արձագանքով ամեն ինչ իր տեղն ընկավ։ «Ուրախ եմ, որ արձագանքն ավելի խելամիտ էր ու զուսպ, կարծում եմ հարցը սրանով առայժմ փակ կլինի»,- նշեց նա:

 

 «Բոլոր նման դատողություններ անողները իրավունք ունեին այդպես դատել, եթե մեկ շաբաթ առաջ նրանք նույն բանն ասեին արդարադատության նախարարի ասածի վերաբերյալ, բայց եթե այդ մասին չեն արտահայտվել և միայն հիմա են արտահայտվում, դա մի բառ ունի՝ երեսպաշտություն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավորը:

 


Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեր հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ԱԺ ոչ իշխանական չոր ուժերը պահանջում են Կառավարության հրաժարականը, պատասխանել էր, թե «ղալլաթ» են անում, և ապա հղում անելով բացատրական բառարանին, նշել էր, թե դա ընդամենը նշանակում է սխալ են անում։ Ինչին ի պատասխան ՀՅԴ պատգամավորն ԱԺ-ում հակադարձել էր. «Մենք էլ կարող ենք բացատրել ու ասել ղալլաթ ես անում չաթլախ»։

 

 

 


Աղվան Վարդանյանը նշեց, թե Արմեն Ռուստամյանը նման արտահայտություն արեց, քանի որ ստիպված էր։ «Պարոն Ռուստամյանը մեր քաղաքական դաշտի հավասարակշռված ու զուսպ քաղաքական գործիչներից է, բայց ամեն ինչ սահման ունի…. Ես չգիտեմ լրագրողները դա նկատեցին, թե ոչ, բայց այդ բառը արտասանելուց առաջ բավական երկար դադար տվեց և հասկացող մարդիկ, կարծում եմ, կհասկանան, որ դա ևս բխում էր իր՝ մտավորական մարդու ներքին դժվարությունից, իր բարոյական կենսակերպից։ Այդ բառն իր համար ասելը հեշտ չէր, պարզապես եկել էր մի սահման, որ պարոն Ռուստամյանը ստիպված եղավ ասել դա»,- նշեց նա։

 


ՀՅԴ պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությունը մշտապես եղել է կոռեկտ։ «Մեր քաղաքական քննարկումներում երբեք մեզ թույլ չենք տվել անցնել սահմանը, երեկ ինչ տեղի է ունեցել բոլորդ ներկա եք եղել, դրանից հետո եղավ նաև արդարադատության նախարարի մամուլի խոսնակի արձագանքը»,- ասաց նա։