Եթե մեր բանակն այսօր ապահովում է խաղաղությունը, ուրեմն կան Անդրանիկի հետնորդներ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
«Եթե մենք կարողանում ենք մեր երկիրը տանել առաջ, եթե մեր անվտանգությունն ապահովող Հայոց բանակն օրըստօրե կատարելագործվում է և կարողանում է ապահովել մեր ժողովրդի խաղաղությունը, դա նշանակում է, որ Անդրանիկի հետնորդներն այսօր մեր հասարակության մեջ կան»: Հայ ազգի հերոս Անդրանիկ Օզանյանի՝ Զորավար Անդրանիկի ծննդյան 149-ամյակի առթիվ այսօր Եռաբլուր պանթեոնում անցկացված ոգեկոչման արարողությանը նման տեսակետ արտահայտեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հայ ժողովուրդն իր ճակատագրի բերումով մշտապես մոտ լինելով ռազմական գիտությանը՝ միշտ ունեցել է զորավարներ, ովքեր իրենց թե՛ ազգային արժանապատվությամբ, թե՛ միջազգային համբավով համապատասխան ներդրում են ունեցել մեր պայքարին, նաև իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել աշխարհում: Այդպիսի զորավարներից մեկն է Անդրանիկ Օզանյանը, ում ծննդյան 150 ամյակն ավելի մեծ շուքով կնշենք»,-ասաց նախարարը:
Վերջինիս խոսքով՝ յուրաքանչյուրի պարտքն է Անդրանիկի նման հերոսների օրինակը տարածել այսօրվա բանակաշինության գործընթացում, և իրենք պարտավոր են հասարակությանը նման օրինակների վրա դաստիարակել:
Նախարարը նաև կարևորեց այն, որ Զորավարի աճյունից մի մասունք հանգչում է Արցախյան գոյամարտի հերոսների կողքին:
Զորավար Անդրանիկի ծննդյան առթիվ Եռաբլուր էին այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ և այլոք:
Մատուցվեց նաև պատարագ, որից հետո երիտասարդ ՀՀԿ-ականները Եռաբլուրում իրականացրին մաքրման աշխատանքներ։










