Ես ի՞նչ կապ ունեմ «Ցեմենտի» գործարանի պոմպակայանը փակելու հետ.Արարատի մարզպետ
Արարատի մարզպետարանը որևէ առնչություն չունի դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարան ու հարակից բնակավայրեր տանող ջրանցքի պոմպակայանի անջատման ու ջրազրկման հետ: Tert.am-ին ասաց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ նշելով, որ դա Բնապահպանության նախարարության, Ջրային ռեսուրսների կոմիտեի ենթակայության տակ է:
«Ես ի՞նչ կապ ունեմ, ես՝ որպես մարզային իշխանություն, տեղեկացված եմ ամեն ինչից, բայց այդ կառույցներն իմ ենթակայության տակ չեն»,- նշեց մարզպետը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել էր «Արարատցեմենտ» գործարան ու հարակից բնակավայրեր տանող ջրանցքի պոմպակայանի` ջրազրկմանը, որը նրա խոսքով՝ վնասներ է հասցրել ոչ միայն գործարանին, այլև մի քանի այլ տնեսությունների ու ձկնաբուծարանների, իսկ ջրային ռեսուրսն ուղղվել է դեպի Ադրբեջան: Իսկ Արարատի մարզպետին ու նրա եղբորը՝ «Ավշար» գործարանի սեփականատիրոջը, Ուրիխանյանը մեղադրել էր նրանում, որ ասել էին, թե գործարանը պարտքեր ունի, այն դեպքում, որ չունի:
Tert.am –ին Բնապահպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը ջրազրկման պատճառների մասին խոստացավ տեղեկացնել վաղը:










