Մինչև դեկտեմբեր կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթը. Արթուր Բաղդասարյան

18:49 • 25.02.14

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, Կառավարության և Ազգային ժողովի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշում մեր ապագայի ծրագրերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդատվական խմբին իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մենք բավականին արդյունավետ համագործակցել ենք և ունենք բոլոր նախադրյալները ապագայում շարունակելու մեր աշխատանքը»:

 

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը. «Ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է մեր երկրի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:

 

ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին, խորհրդատվական խմբին համատեղ աշխատանքների, ակտիվ առաջարկների համար, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տվել ունենալ հաջողված փաստաթուղթ:

 

«Սա շատ լավ հիմք է նաև հետագայում աշխատելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթի վրա և մենք կարծում ենք, որ մինչև դեկտեմբերյան ԵՄ խորհրդի նիստը մենք կարող ենք պատրաստել այդ փաստաթուղթը և ձևավորել մեր օրակարգը»,- նշել է Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք դիմել են եվրոպացի գործընկերներին շարունակելու խորհրդատվական խմբի առաքելությունը Հայաստանում և կա դրական արձագանք:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր խոսքում նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

 

Ամփոփելով խմբի իրականացրած աշխատանքները՝ դիվանագետը նվաճումների թվում
ընդգծել է հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵՄ ու Հայաստանի միջև ռեադմիսիայի ու վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: Հրիսթեայի գնահատականով՝ դա շատ լուրջ քայլ է: Ծրագրի նախորդ փուլի ընթացքում՝ 2013-ի վերջին եռամսյակի, խումբն ակտիվորեն զբաղվել է արդարադատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության վերաբերյալ հարցերով: Տրայան Հրիսթեան, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքը բարձր է գնահատել:

 

ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվությունը, Կարիքների գնահատման վերանայված փաստաթուղթը, ինչպես նաև 2014թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը:

 

Խորհրդատվական խորհուրդը գոհունակություն է հայտնել 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվության հետ կապված, որտեղ ներկայացվել է ԵՄ խորհրդատվական խմբի տրամադրած խորհրդատվությունը օրենքի գերակայության, միգրացիայի, իրավապահ մարմինների, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտներում: