Էրդողանը «հորինված պիես» է համարում համացանցում տարածված՝ իր և որդու մասնակցությամբ ձայնագրությունը

17:34 • 25.02.14

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը՝ իր և որդու ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Star թերթի կայքը, Էրդողանը հերքել է տեղեկությունները, թե դա իր և որդու հեռախոսազրույցն է, և այդ ձայնագրությունը «հորինվածք» է որակել։

 

«Դա վարչապետի հանդեպ ստոր, դավաճան քայլ է։ Դա չի ներվելու»,- ասել է նա։
 

Էրդողանը հայտարարել է, թե այդ ձայնագրությունը տարածողներն իրենք են հեղինակել այդ «պիեսը»։

 

«Ես նրանց ասացի, որ թափեն քարերն իրենց փեշերից, սակայն նրանք գնացին, ստոր կերպով մոնտաժ արեցին և եկել դա են մատուցում։ Այդպես չի կարելի։ Սցենար գրելը շատ հեշտ է, սակայն դա Թուրքիայի Հանրապետության վարչապետին ուղղված ստոր քայլ է»,-ասել է նա։
 

 

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որը տեղադրվել է համացանցում։

 

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Թուրքիայում «Մեծ կաշառք»-ի գործով սկանդալային ձերբակալությունների օրը՝ դեկտեմբերի 17-ին, վարչապետ Էրդողանը զանգահարում է որդուն և տեղեկացնում գործողության ու նախարարների որդիների ձերբակալությունների մասին։

 

Էրդողանը որդուն նախազգուշացնում է, որ թաքցնի ողջ գումարն ու պահի ապահով վայրերում։ Նա տղային խորհուրդ է տալիս եղբորն ու հորեղբորը նույնպես զգուշացնել, որ նույն կերպ վարվեն։