Ղրիմը դիտարկում է Ռուսաստանին միանալու հնարավորությունը. Guardian
Խոսակցություններն այն մասին, որ Ղրիմն իր մեծաթիվ ռուս բնակչությամբ և ռուսամետ տրամադրություններով կարող է դառնալ կրեմլյան հավակնությունների իրականացման թիրախ, լայնորեն տարածված են, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Guardian թերթին:
Ողջ ուշադրությունը ներկայում սևեռված է Սևաստոպոլին՝ ռուսական Սևծովյան նավատորմի պատմական տանը, որտեղ, հնարավոր է, թաքնվում է նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Սևաստոպոլի քաղաքապետարանի վրա անգամ բարձրացված է եղել ռուսական դրոշը, նշում է թերթը:
Սևաստոպոլում բողոքի ակցիաները, որոնք մերժում են նոր ընդդիմադիր կառավարության հեղինակությունը, ստիպում են մտածել, որ Ղրիմը կարող է հայտարարել Կիևից անկախանալու մասին և կձգտի մտնել Ռուսաստանի Դաշնություն, ինչը կարող է տեղի ունենալ Կրեմլի կողմից հավանության արժանացած հանրաքվի ճանապարհով:
Այդ սցենարը դեռ քիչ հավանական է, սակայն Սևաստոպոլը որոշիչ գործոն է այն հարցում, թե արդյոք Ուկրաինան կմնա ունիտար ինքնիշխան պետություն, ասված է հոդվածում:
Դրա հետ մեկտեղ՝ ուկրաինացի ծայրահեղ աջակողմյան ազգայնականները մեղադրում են Մոսկվային Ղրիմը գրավելու մտադրության համար: Նրանք կարծում են, որ Կրեմլը կարող է օգտագործել նույն մարտավարությունը, որն օգտագործել է Հարավային Օսիայում և Աբխազիայում՝ անջատելով Վրաստանից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրություններն Ուկրաինայի վերաբերյալ անորոշ են, սակայն մտքերն այն մասին, որ Պուտինը ձգտելու է տապալել ցանկացած նոր ուկրաինական կառավարություն, որը հեռանում է Ռուսաստանի ուղեծրից, արդարացի են:










