Վիեննայում Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

01:13 • 25.02.14

Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում տեղի է ունեցել Հիշատակի միջոցառում` նվիրված 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ ամյակին: Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան պաշտոն` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի ներկայությամբ և հայր Անդրեաս Իսախանյանի ձեռամբ:


Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:


ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկաների առաջ ադրբեջանցի ելուզակի անմարդկային արարքը դատապարտող ելույթներով են հանդես եկել Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանը և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: