Երևանում վերջին հրաժեշտը տվեցին աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանին (տեսանյութ)

16:21 • 25.02.14

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ հայ ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի վերջին հրաժեշտի արարողությունը։
 

Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով աստղաֆիզիկոսի մասին, ասաց, որ Գրիգոր Գուրզադյանին պետք է համարել մեր վերջին մեծ գիտնականներից մեկը:


«Նա տիեզերական աստղագիտության հիմնադիրն էր, և Հայաստանի նման փոքր երկիրը, որ ճանաչված է աստղաֆիզիկայի ոլորտում, նաև նրա շնորհիվ է, և Վիկտոր Համբարձումյանի կողքին պետք է դնել նաև Գրիգոր Գուրզադյանի անունը»,- ասաց Արեգ Միքայելյանը:


Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ անդրադառնալով Գրիգոր Գուրզադյանին՝ ասաց, որ նա մեր գիտության երևելիներից է, և ցավոք, վերջինն այդ սերնդից:


«Շատ մեծ է Գուրզադյանի դերը, բայց ցավոք, մեր ժողովուրդը շատ չօգտվեց նրանից: Ցավալի է, որ նման մարդիկ հեռանում են: Նրանց ներկայությունը երիտասարդների համար խթան է հանդիսանում ստեղծագործելու համար»,- ասաց Հաղթանակ Շահումյանը: