Միայն Իրանն է որոշում, թե որքան հարստացնի ուրանը. Սալեհի
Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ միայն Իրանի իշխանություններն իրավունք ունեն որոշել, թե ինչ մակարդակի և ինչ ծավալի պետք է հարստացվի ուրանը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով IRNA գործակալությանը։
«Միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է որոշում կայացնում ուրանի հարստացման աստիճանի և ծավալների վերաբերյալ՝ համապատասխան իր կարիքների, և Թեհրանն այդ սկզբունքը համարում է «կարմիր գիծ»»,- ասել է Սալեհին։
Հաղորդագրությունում նշվում է, որ այդ խոսքերով Սալեհին պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի հայտարարությանը, ով ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարներից է Իրանի հետ միջազգային միջնորդ «վեցյակի» հետ բանակցություններում։
Գործակալությունը չի պարզաբանում, թե հատկապես որ հայտարարության մասին է խոսքը, սակայն Իսրայել կատարած այցի ընթացքում Շերմանն ասել է, որ «կցանկանար, որպեսզի հարստացումը լիներ զրոյական մակարդակում»։










