Կլիչկոն հաստատել է, որ կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին

16:51 • 25.02.14

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Վիտալի Կլիչկոն հաստատել է մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունն Ուկրաինայի նախագահի պաշտոնում»,- հայտարարել է Կլիչկոն: Իր խոսքով՝ երկրում «անհրաժեշտ է ամբողջովին փոխել խաղի կանոնները, պետք է լինի արդարություն»: «Ես վստահ եմ, որ դա հնարավոր է անել»,- ընդգծել է պատգամավորը:

 

Հունվարի 13-ին Ուկրաինայի Գերագույն վարչական դատարանն ուժի մեջ է թողել օրենքի այն կետը, որի պատճաով Վիտալի Կլիչկոն կարող է կորցնել երկրի նախագահի համար առաջադրվելու հնարավորությունը: Վիտալի Կլիչկոն ունի Գերմանիայում բնակության իրավունք և որոշ ժամանակ այնտեղ հարկեր է մուծել: Օրերս նա հայտարարել է, որ հրաժարվել է Գերմանիայում բնակության իրավունքից: «Այո, իսկապես, ես ունեի Եվրոպայում բնակության իրավունք: Այսօրվա դրությամբ նման իրավունք չունեմ»,- ասել է Կլիչկոն:

 

Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ Կլիչկոն նաև ԱՄՆ-ի ռեզիդենտ է: