Ղրիմում ցուցարարները խորհրդարանի շենքի ճակատային մասում ՌԴ դրոշն են տեղադրել

23:14 • 25.02.14

Ղրիմի բնակիչները, որոնք բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ Ուկրաինայի նոր իշխանությունների, Ղրիմի գերագույն խորհրդի շենքի վրա  ՌԴ դրոշն են տեղադրել:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ УНИАН գործակալությանը հղումով, մի շարք ռուսամետ ակտիվիստներ փակել են Ղրիմի գերագույն խորհրդի շենքը՝ պահանջելով, որ տեղի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը արտահերթ համագումար անցկացնի:


Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը փետրվարի 28-ին կայցելի Ղրիմ:


Ղրիմում բնակվող ռուսների կոալիցիոն խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին նշել է, որ եթե իրենց համերկրացիների նկատմամբ ուժային դիմակայություն իրականացվի, իրենք կանցնեն պաշտպանության:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի զինուժի գլխավոր գրասենյակի ղեկավար Յուրի Իլյինը հետաձգել է ուղևորությունը Սևաստոպոլ, քանի որ այնտեղ լուրեր էին տարածվել Ղրիմում ռուսամետ ցուցարարների նկատմամբ ուկրաինական զորքերի կիրառման մասին: