Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի գործերին. Լավրով

14:49 • 25.02.14

Արևմտյան գործընկերները չպետք է խառնվեն Ուկրաինայի ներքին գործերին, իսկ տարբեր քաղաքական ուժերի հետ շփումները պետք է օգտագործեն իրավիճակը հանդարտացնելու համար։ Ինչպես հայտնում է Korrespondent.net-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Մենք հաստատել ենք ներուկրաինական խնդիրներին չմիջամտելու հարցում մեր սկզբունքային տեսակետը, և կարծում ենք, որ տրամաբանական կլինի օգտագործել քաղաքական կուսակցությունների հետ կապերը երկրում իրավիճակը կարգավորելու համար»,- հայտարարել է նա։

 

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չպետք է միակողմանի շահեր հետապնդել այն փուլում, երբ պահանջվում է ազգային երկխոսություն և երկրի վերադարձն իրավական դաշտ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտահերթ նիստ է գումարել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։