Հայ ժողովրդի հայրենասիրական ոգին կամաց-կամաց վերելք է ապրում. ազգագրական երգիչ Ներսիկ Իսպիրյան (տեսանյութ)
Ազգագրական երգիչ Ներսիկ Իսպիրյանը գտնում է, որ այսօր հայ ժողովրդի ազգագրական ոգին կամաց-կամաց վերելք է ապրում: «Սրանից մի երկու տարի առաջ ավելի քիչ էր այդ ազգագրական ոգին, բայց վերջին տարիներին, կարծես թե, աշխուժություն է մտել, և դա գալիս է մեր ժողովրդի ոգու վերելք ապրելուց։ Կամաց-կամաց ժողովուրդը վերելք է ապրում և իրեն ավելի տալիս ազգագրականին ու հայրենասիրականին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ազգային-ազատագրական երգերի երգիչն ու հեղինակը ազգային ոգու պակասի պատճառներից առաջինը նշեց գլոբալիզացիայի՝ համաշխարհայնացման գաղափարախոսությունը, որն այսօր մեծ տարածում է գտել: «Բայց մենք ունենք առողջ, հայրենասեր խավ, հայրենասեր ոգի, և մեր բոլոր հաղթանակները կապված են այդ գաղափարախոսության հետ, իսկ ժողովուրդը երբևիցե դա չի մոռանա»,- ասաց նա:
Ներսիկ Իսպիրյանը, ով այսօր մասնակցել է Զորավար Անդրանիկի 149-ամյակի առթիվ Եռաբլուր պանթեոնում կազմակերպված ոգեկոչման արարողությանը, նաև գտնում է, որ այսօր հայ հերոսների հիշատակը պատշաճ չի հարգվում: «Եթե պետք է համեմատենք օտարերկրացիների հետ, կարելի է ասել, որ այդչափ պատշաճ չէ, օրինակ՝ Ադրբեջանը Սաֆարովին աստվածացրել է», -ասաց նա՝ ավելացնելով, որ ավելի լավ կլիներ, որ հերոսներին կարողանայինք ազգովի վեր բարձրացնել, մեծարել թե՛ իրենց ընտանիքներին, թե՛ իրենց անցած ճանապարհը:
Ազգագրական երգչին հարց ուղղեցինք նաև իր՝ ԱՄՆ-ից վերջերս Հայաստան տեղափոխվելու և մշտական բնակություն հաստատելու մասին: «Իմ մեջ զուտ տարոնցու գենն է խոսել, դրա համար եմ տեղափոխվել, և իմ նման երգիչը, երբ ազգագրական երգեր է երգում, հայրենասիրություն է քարոզում, չէր կարող ապրել օտար երկրում»,- պատասխանեց նա:
Անդրադառնալով երկրի վիճակին՝ Ներսիկ Իսպիրյանն ասաց, որ քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն նշեց, որ ինքը պետականամետ մարդ է. «Եթե սարի քուրդն էլ լինի իմ երկրի ղեկավարը, ես նրա կողքին եմ, որովհետև ես չեմ ուզում, որ երբևէ իմ երկրի պետականությունը քանդվի»:










