Ռուսաստանը ցանկանում է ավելի լավ հասկանալ Եվրամիության վերաբերմունքն «ընդհանուր հարևաններին». Լավրով

12:46 • 25.02.14

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը կցանկանար ավելի լավ հասկանալ Եվրամիության վերաբերմունքը «մեր ընդհանուր հարևաններին», փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Լավրովն այս մասին հայտնել է իր լյուքսեմբուրգցի գործընկեր Ժան Ասելբորնի հետ հանդիպմանը:

 

Ռուսաստանցի նախարարի խոսքով` ստեղծված իրավիճակն ավանդաբար կքննարկվի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի բանակցություններին: Լավրովն ընդգծել է, որ դա խիստ օգտակար է, քանի որ դա իրենց կօգնի հասկանալ նաև, թե ինչ է կատարվում Եվրամիության ներսում:

 

Այսօր ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Վզգլյադի» փոխանցմամբ, Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել: Քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինան: Պուտինն առավոտյան Ուկրաինայի զարգացումները քննարկել է նաև Ֆրանսուա Օլանդի հետ: