Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրարշավը
Ուկրաինայում մեկնարկել է մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավը, հայտնում է korrespondent.net-ը։
Փետրվարի 25-ից սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը, ինչը կտևի մինչև մարտի 30-ը։ Թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցություններից կամ էլ ինքնաառաջադրման եղանակով։
Թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ է 2.5 մլն գրիվեն գումար վճարել։ Փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 4-ն է։
ԿԸՀ-ն պետք է մինչև մարտի 15-ը ստեղծի 225 շրջանային ընտրական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրի կազմում պետք է ներառված լինի նվազագույնը 12 մարդ։ Շրջանային ընտրական հանձնաժողովներն իրենց հերթին պարտավոր են մինչև ապրիլի 4-ը ստեղծել ընտրատեղամասեր։
ԿԸՀ նախագահ Միխայիլ Օխենդովսկին, ով նշանակվել է Ռեգիոնների կուսակցությունից, հայտարարել է միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձր մակարդակով արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Սակայն խորհրդարանում հայտարարել են, որ ԿԸՀ-ն կվերակազմավորվի կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո։
Գերագույն ռադան փետրվարի 22-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել, քանի որ նախագահ Վիկտոր Յանուկովիչն անհետացել է։ Նրա գտնվելու վայրն առայսօր անհայտ է։
Աղբյուրը նշում է, որ նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներն են Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու «Եվրամայդանի» ակտիվիստ, հայտնի գործարար Պյոտր Պորոշենկոն։










