Համացանցում սկսել են տեղադրել Յանուկովիչի նստավայրում հայտնաբերված փաստաթղթերը
Համացանցում հայտնվել է կայք, որտեղ հավաքվում և համակարգվում են այն փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրում: Ռեսուրսի հասցեն է Yanukovychleaks.org։
Կայքում արդեն տեղադրվել են մի քանի տասնյակ փաստաթղթեր, որոնք լուսանկարել և տեղադրել են ակտիվիստները: Ինչպես ասվում է նախագծի գլխավոր էջում, Yanukovychleaks.org-ի հիմնական նպատակը Յանուկովիչի փաստաթղթերը լրագրողների և ողջ աշխարհում շարքային քաղաքացիների համար հասանելի դարձնելն է: Հետագայում, ինչպես գրում են կայքի ստեղծողները, Yanukovychleaks.org- ում նաև կհրապարակվեն լրագրողական հետաքննություններ և ռեպորտաժներ, որոնք հիմնված կլինեն նստավայրում հայտնաբերված փաստաթղթերի վրա:
Նստավայրում հայտնված լրագրողներն ու ակտիվիստները տարածքում գտել են տարբեր փաստաթղթեր, այդ թվում՝ «Մեժիգորյե»-ի կառուցման ծախսերի հաշվետվություններ, հովանավորներից գումարների ստացման վկայություններ, ինչպես նաև թղթապանակներ, որտեղ տեղեկություններ կան «վտանգավոր» ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և պատգամավորների մասին:
Մասնավորապես՝ փաստաթղթերի մեջ հայտնաբերվել է 2013 թվականի դեկտեմբերին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ուկրաինացի լրագրող Տատյանա Չորնովիլի լուսանկարը, որը հոդված էր պատրաստում Յանուկովիչի նստավայրի մասին: «Մեժիգորյե»-ում հայտնաբերել են նաև խարույկների հետքեր, որտեղ, ենթադրվում է, փաստաթղթեր են այրել նստավայրը լքող Յանուկովիչի մարդիկ:










