Վրաստանի նոր նախագահի առաջին այցով շարունակվում է Իվանիշվիլիի գիծը. կարծիքներ Երևանից
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի Հայաստան կատարելիք այցը, որը, նախևառաջ, ճանաչողական է, ունի մի կարևոր դետալ, այն Վրաստանի նոր նախագահի առաջին այցն է Հայաստան: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին վերջին շրջանում վրացական կողմի հաճախակի դարձած հայտարարությունների և առաջարկների ֆոնին՝ Գիորգի Մարգվելաշվիլիի ներկա այցով վրացական կողմը փորձում է շարունակական դարձնել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությամբ սկիզբ առնված հավասարակշռման ուղեգիծը:
«Չնայած, կարծում ենք, այն առավել թույլ է արտահայտված Մարգվելաշվիլի-Ղարիբաշվիլի զույգի մոտ, քան կար Բիձինա Իվանիշվիլիի վարչապետության օրոք։ Չի բացառվում անգամ, որ վրացական կողմը առաջարկի Հայաստանին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի շարք ուղղություններում ստանձնելու որոշակի միջնորդական առաքելություն, թեև վրացական կողմը վաղուց ունի ՌԴ-ի հետ ուղիղ խոսելու մեծ ցանկություն»,- կանխատեսում է փորձագետը։
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի փետրվարի 27-ին։ Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Tert.am–ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը էլ կարծիք հայտնեց, որ Վրաստանի նոր իշխանությունների համար օրակարգային հարց է համարվում Հայաստանի հետ բարիդրացական հարաբերությունների զարգացումը։
«Եվ կարծում եմ՝ այցելությունը այդ առումով շատ կարևոր կլինի և կանդրադառնա բոլոր այն հարցերին, բոլոր ոլորտներին, որոնք առկա են համագործակցության առումով և կնախանշեն այդ հարաբերությունների էլ ավելի զարգացումն ու խորացումը: Ըստ իս, այցից սպասելիքները միանշանակ դրական են, քանի որ ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք ավելի հակառուսական քաղաքականության համատեքստում ավելի պրոադրբեջանական և պրոթուրքական քաղաքականություն էին վարում, ներկայիս իշխանությունները այլ կերպ են մոտենում արտաքին քաղաքական ոլորտին»,– ասաց նա:
Փորձագետն առանձնացրեց առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհը, ինչը չի կարող դրական չանդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների ընդհանուր համատեքստի վրա:
Իսկ որպես Վրաստանի իշխանությունների՝ պակաս պրոադրբեջանական ու պրոթուրքական լինելու կոնկրետ ապացույց, Վրաստանի հարցերով փորձագետը ներկայացրեց դեռ երկու տարի առաջ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարությունը, որը վերաբերում էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման աննպատակահարմարությանը:
«Ինչը, հիշում եք՝ բորբոքեց Ադրբեջանին: Կամ՝ այն ժամանակվա էներգետիկայի նախարարը, երբ հայտարարեց, որ Ադրբեջանին էներգետիկ ոլորտում այլընտրանք պետք է դառնա Ռուսաստանը: Նաև աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, որը այլևս չի բխում թուրքական և ադրբեջանական շահերից»,- մանրամասնեց փորձագետը, ով այս ամենին հավելում է նաև որոշ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման դադարեցում:
Վահե Սարգսյանի խոսքով՝ Գիորգի Մարգվելաշվիլիի այցը կարևոր է նաև Հայաստանի համար։ «Քանի որ, բացի արդեն նախկինում առկա մի շարք խնդիրներից, այն է՝ Վրաստանում ապրող հայության, հուշարձանների վերադարձման և պահպանման, տարանցման սակագներին առնչվող խնդիրները և այլն, այսօր Վրաստանի միջոցով տարածաշրջանում գնալով ահագնացող չափերի է հասնում թուրք-ադրբեջանական գործոնը, որն ինքնին մեծ վտանգ է պարունակում ՀՀ-ի համար»,– ասաց նա:
Հիշեցնենք նաև, որ Վրաստանի Նախագահը այցի շրջանակներում կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:
Նշենք, որ Ծիծեռնակաբերդ մշտապես այցելել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ինչը, սակայն, չի ազդել Հայոց ցեղասպանության հարցում Վրաստանի դիրքորոշման վրա, այն է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որևէ տեղաշարժ չի արձանագրել:
Վահե Սարգսյանը, անդրադառնալով Վրաստանի նախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցելությանը, ևս նկատեց, որ այցը հիմնականում ունի, այսպես ասած, ավանդական դարձած օրակարգ և որ արարողակարգային բնույթի օրակարգային կետ է նաև Գիորգի Մարգվելաշվիլիի այցը Ծիծեռնակաբերդ։
Նման գնահատական հնչեցնելով փորձագետը առաջին հերթին նկատի առավ այն հանգամանքը, որ Վրաստանը ոչ միայն չի ճանաչել Ցեղասպանությունը, այլև՝ որևէ մի պետական ինստիտուտ անգամ չի քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը։
Ալիկ Էրոյանցը ևս գոնե այս փուլում այս հարցում Վրաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության որևէ առաջընթաց չի կանխատեսում՝ արձանագրելով այն փաստը, Թուրքիան Վրաստանի առաջին առևտրային գործընկերն է:
Ավելին՝ Վահե Սարգսյանի ամփոփմամբ՝ Վրաստանի նոր իշխանությունները, չնայած ուժերի բալանսավորմանն ուղղված որոշակի քաղաքականությանը, այդուհանդերձ, չեն շտապում Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ դիմելու ազդեցությունների մեղմացմանն ուղղված շեշտակի քայլերի։
«Ավելին, Վրաստանի նոր ղեկավարները Թուրքիա և Ադրբեջան իրենց այցելություններում հայտարարեցին տարաբնույթ կապերի առավել խորացման մասին։ Հաշվի առնելով նշյալ հանգամանքները՝ հայկական կողմը Վրաստանի նոր իշխանությունների հետ ունի շատ անելիքներ»,- ասաց փորձագետը:










