Թաիլանդի իշխանությունները ՄԱԿ-ից օգնություն են խնդրում ճգնաժամը լուծելու համար
Թաիլանդի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` խնդրելով օգնել լուծել իրենց երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը, հայտնում է Bangkok Post-ը` վկայակոչելով վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Սուրապոնգ Տովիչակչայկուլայի հայտարարությունը:
Պաշտոնյան հայտնել է, որ այդ միջազգային կազմակերպությանը դիմելու որոշում է կայացրել, քանի որ Թաիլանդում «քաոսն ու բռնությունը» չեն դադարում: Նա այդ քայլին վճռել է գնալ հատկապես այն բանից հետո, երբ բախումների ժամանակ 4 երեխա է զոհվել:
Արտգործնախարարը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հետ բանակցություններ սկսելու դեպքում Թաիլանդի ճգնաժամը կարող է շատ ավելի արագ լուծվել: Նա նշել է նաև, թե թաիլանդցիները չպետք է դա իբրև միջամտություն ընկալեն, քանի որ քաղաքացիական պատերազմ սկսվելու դեպքում ՄԱԿ-ն այսպես, թե այնպես ստիպված կլինի միջամտել:
Անցած տարվա վերջից Թաիլանդում չեն դադարում բողոքի ցույցերը` գործող կառավարության հրաժարականի պահանջով:










