Բրիտանացիները որոշել են հետևել Ռուսաստանի արևմուտքում անցկացվող զորավարժություններին

18:10 • 26.02.14

Մեծ Բրիտանիան մտադիր է ուշադիր հետևել ՌԴ զինված ուժերի վարժանքներին, որոնք սկսվել են փետրվարի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդն ընդգծել է նաև Ուկրաինայի գործերին ռազմական միջամտության անթույլատրելիությունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Նախարարը նշել է, որ բրիտանական կողմը գիտի ՌԴ Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու Պուտինի հրամանի մասին և հետևում է իրադարձությունների զարգացմանը:

 

Համոնդը չի ասել, թե արդյոք հիմքեր ունի գնահատելու ռուսական իշխանությունների այդ որոշումը որպես Ուկրաինա ռազմական ներխուժման պատրաստություն, սակայն ընդգծել է, որ կոչ է անում բոլոր պետություններին հրաժարվել երկրի ներքին գործերին միջամտությունից և թույլ տալ ժողովրդին ինքնուրույն որոշել իր ապագան: