«Մարտի 1-ը» դասագրքերում հիշատակվելու է որպես մեծ խարան հայ ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում. Սամվել Ֆարմանյան
ԱԺ-ն շարունակում է քննարկել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության՝ «Մարտի 1-ի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը։
Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց, թե ինչպիսի հետևություններ պետք է անեն ընդդիմությունն ու իշխանությունը՝ ապագայում նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու համար ։
«Ինչպիսին էլ լինի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություների գնահատականը, մեկ բան ակնհայտ է, որ պատմության դասագրքերում այն հիշատակվելու է որպես մեծ խարան հայ ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում։ Այստեղ կարևոր է ոչ միայն տասը զոհերի մահվան հանգամանքների լիակատար պարզումը, ոչ միայն իրավապահ մարմինների կողմից քննչական կամ այլ գործողությունների հիմնավորվածության ուսումնասիրությունը, ինձ թվում է, որ պակաս կարևոր չէ, թե քաղաքական սուր դիմակայության կողմնակիցները ի՞նչ եզրակացություն են արել»,- հարցրեց նա։
«Ինձ հետաքրքրում է, Ձեր կարծիքը, թե ինչպիսի հետևություններ պետք է անեն ընդդիմությունն ու իշխանությունը՝ ապագայում նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու համար»,- նշեց նա։
Բացի այդ, նա նշեց, թե լսելով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հիմնավորումները, տպավորություն է ստացել, որ ձևավորվելիք հանձնաժողովի ուսումնասիրության առարկայի վերաբերյալ պատկերացումները Ջհանգիրյանը պնդումների տեսքով արդեն իսկ ներկայացնում է։ «Օրինակ, որ 3 զոհերի սպանությունն արդեն կարելի է հեշտությամբ բացահայտել և այլն։ Որպես նախաձեռնության հեղինակ չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ նման պնդումներով հանդես չգալ, որպեսզի որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ հանձնաժողովի ստեղծումը Ձեր համար ծառայելու է որպես գործիք՝ ամրապնդելու այն գնահատականները, որոնք Դուք ունեք և որոնց մենք ծանոթ ենք»,- հարցրեց նա։
ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, որ եթե հանձնաժողովը ստեղծվի, ապա լավագույն դեպքում ինքն ընդամենը իրենց խմբակցության ձայնի իրավունքն է ունենալու։
«Հետո մենք համաձայնել ենք քաղաքական մեծամասնության քվեարկությանը, և հանձնաժողովը ձևավորել ենք նույն էթիկայի հանձնաժողովի համամասնությամբ, որ թվային առավելությամբ կամ զոռբայությամբ հարցեր չանցկացնեն։ Համաձայն եմ, եթե Ձեզ մոտ կա նման մտավախություն, թող քաղաքական կոալիցիան ունենա մեծամասնություն, որովհետև ես մեծ հույսեր ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, ով կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, եթե անառարկելի փաստերին ծանոթանա և լսի մասնագետների չհերքվող պնդումները, չի կարող այլ դիրքորոշում ունենալ, քան օբյեկտիվության պաշտպանությունը»,-ասաց նա։
Իսկ թե ինչու է ասել, որ առնվազն 3-ի սպանությունը կարելի է բացահայտել, Ջհանգիրյանը շեշտեց, թե ինքն ասել է, որ կարելի է։ «Ասել եմ կարելի է, չեմ ասել բացահայտելու ենք, մենք հանցագործություններ բացահայտող մարմին չենք և չենք էլ կարող լինել։ Բացահայտման պարտականությունը կրում են դատավարական կոնկրետ սուբյեկտներ դատավարական ընթացակարգերով։ Այսինքն՝ մեր բացահայտումները քրեադատավարական առումով բացահայտումներ չեն»,- ասաց նա։
Գագիկ Ջհանգիրյանը համամիտ է, որ քաղաքական բոլոր ուժերի մասնակցության և պատասխանատվության հարցերը պետք է քննարկվի, սակայն, ըստ նրա, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հարցում այդ խնդիրը դրված չէ։ «Եթե Դուք առաջարկում եք դա ընդգրկել մեր խնդիրների բաժնում, ես կողմ եմ։ Բայց նախորդ հանձնաժողովը՝ Նիկոյանի գլխավորությամբ, այդ խնդիրներին անդրադարձել է, իր եզրակացությունները ներկայացրել է նախորդ զեկուցում։ Թե դա ինչքանով է վստահելի, ընդունելի, դա այլ հարց է, բայց մեր հանձնաժողովի առաջ նման խնդիր ուղղակի դրված չէ, եթե առաջարկում եք, մեծ սիրով կդնենք»,- ասաց նա։
Ջհանգիրյանը շարունակեց, թե կոնկրետ ինքը որևէ խնդիր չունի որևէ քաղաքական ուժի սխալը մատնացույց անելու և որևէ մեկի սխալը քողարկելու հարցում։
Սամվել Ֆարմանյանն արձագանքեց, թե ինքը ոչ թե հանդես էր գալիս առաջարկությամբ, այլ ավելի շատ իրեն հետաքրքրում էր ՀԱԿ պատգամավորի մասնավոր կարծիքը։ «Դուք Ձեր թոռներին կամ դասախոսներին, եթե ապագայում ներկայացնելու լինեք, ի՞նչ հետևություններ պետք է անի օրվա քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը, որպեսզի մեր երկրում նման իրադարձություն տեղի չունենա։ Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք»,- հարցրեց նա։
«Ես խորհուրդ կտամ քաղաքական խնդիրները լուծել քաղաքական միջոցներով։ Խորհուրդ չեմ տա, քաղաքական խնդիրները լուծել զենքի միջոցով։ Խորհուրդ չեմ տա, որպեսզի սպանություններ , հանցագործություն կատարած անձինք խուսափեն քրեական պատասխանատվությունից ։ Ես հավատում եմ պարոն Աբրահամյանի երեկ արված այն պնդումներին, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին թալանի, հափշտակության և այլնի թույլտվություն կամ համաձայնություն չի տվել, հուսով եմ, որ նաև չի տվել սպանության թույլտվություն որևէ մեկին և, կարծում եմ ու վստահ եմ, որ քաղաքական մեծամասնությունը պետք է շահագրգիռ լինի, ինչպես հրապարակային հայտարարում են Ձեր քաղաքական ուժի ղեկավարները, այդ հանցագործությունները բացահայտելու հարցում։ Բայց չբացահայտելով շատ հարցեր զարմանում եմ, թե ինչո՞ւ մինչև հիմա շահագրգիռ չեն»,-պատասխանեց Ջհանգիրյանը։










