Ռուսաստանը վախենում է, որ աշխարհը Յանուկովիչի հրաժարականը կընկալի որպես Կրեմլի ձախողում. Financial Times

10:49 • 26.02.14

Կրեմլը վախենում է, որ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը կդիտվի որպես Ռուսաստանի պարտություն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքագետ Գեորգի Միրսկու՝ The Financial Times-ում հրապարակված հոդվածին:

 

Ուկրաինայի դերը կարևոր է ռուսական պետության համար, լինի դա անցյալի Խորհրդային միությունը, թե այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը, նշում է մասնագետը:

 

Գեորգի Միրսկին կարծում է, որ Ուկրաինայի իրադարձություններին Ռուսաստանի զգայուն վերաբերմունքի պատճառն աշխարհաքաղաքականությունն է:


«Սառը պատերազմի» և «զրոյական արժեքով խաղի» մենթալիտետն ամենևին էլ մեռած չէ, համոզված է Միրսկին: Ռուս առաջնորդներն Արևմուտքին, հատկապես ԱՄՆ-ին վերաբերվում են մեծ կասկածանքով: Նրանք չեն կարծում, որ Վաշինգտոնը պատրաստվում է պատերազմի, բայց համոզված են, որ ամերիկացիները բաց չեն թողնի Ռուսաստանին վատություն անելու հնարավորությունը:

 

Ուկրաինան շատ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Վրաստանը, որտեղ վեց տարի առաջ Կրեմլը պատրաստ էր ավելի շուտ պատերազմել, քան դեմքը կորցնել:

 

Անգամ մասնատված Ուկրաինան Ռուսաստանի համար ավելի լավ է, քան արևմտամետ քաղաքականությունը, ասված է հոդվածում:

 

Քարոզչությունն այն է, որ ուկրաինական ճգնաժամը կազմակերպել է Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազաները Ռուսաստանին ավելի մոտ բերելու համար: Այդ պատճառով է, որ պաշտոնական Մոսկվան այդչափ հիասթափված է Ուկրաինայի իրադարձություններից: Առաջին հերթին, որովհետև Յանուկովիչի հրաժարականը կդիտվի աշխարհում որպես Ռուսաստանի պարտություն:

 

Ընդ որում՝ 1994 թվականին Ուկրաինան ստացել է իր ինքնիշխանության երաշխիքները՝ իր միջուկային պոտենցիալը Ռուսաստանին փոխանցելու համաձայնության դիմաց, իսկ երաշխավորները Ռուսաստանն են, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:

 

Այժմ, եթե տեղի ունենան ցանկացած սեպարատիստական շարժումներ, այդ թվում նաև Ղրիմում, կարող է վրա հասնել միջազգային ճգնաժամը, որի ֆոնին ռուս-վրացական պատերազմն աննշան փոխհրաձգություն կթվա, ասված է հոդվածում: