Կիև են ժամանել ԱՄՆ Սպիտակ տան և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները
Ուկրաինա է ժամանել ամերիկացի փորձագետների խումբը՝ տնտեսական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
«Ինձ Կիևում ուղեկցում է ԱՄՆ ֆինանսների նախարարության և Սպիտակ տան տնտեսական մասնագետների թիմը։ Եվ իմ հեռանալուց հետո այսօր նրանք կմնան այստեղ՝ մեր խորհրդակցությունները շարունակելու նպատակով»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը։
Նա ասել է, որ ուկրաինական խորհրդարանը պետք է ձևավորի բազմակուսակցական տեխնիկական կառավարություն, որը կներկայացնի երկրի բոլոր շրջանները։
«Երբ այդ կառավարությունը ձևավորվի, մենք և մեր միջազգային գործընկերները կարող ենք ձեռնարկել անհապաղ քայլեր՝ Ուկրաինային տնտեսապես օգնելու և բարեփոխումներ անցկացնելու համար, որոնք անհրաժեշտ են երկրի քաղաքական և տնտեսական վերականգնման համար»,- ասել է Բերնսը։










