Ղրղզստանն ու Ղազախստանը նոտաներ են հղել ՌԴ ԱԳՆ՝ Ժիրինովսկու վիրավորական արտահայտությունների պատճառով

12:06 • 26.02.14

Ղրղզստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունները նոտաներ են հղել ՌԴ ԱԳՆ՝ փետրվարի 23-ի հանրահավաքի ժամանակ Կենտրոնական Ասիայի պետությունների՝ Ռուսաստանին միանալու մասին Վլադիմիր Ժիրինովսկու ոչ կոռեկտ արտահայտությունների համար, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Ղրղզստանի ԱԳՆ-ի հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի արտահայտությունները «չեն համապատասխանում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ոգուն»: «Լինելով պաշտոնական անձ՝ Պետական դումայի փոխխոսնակ, Վլադիմիր Ժիրինովսկին առաջին անգամ չէ, որ թույլ է տալիս անթույլատրելի արտահայտություններ, որոնք վիրավորում են ղրղզ ժողովրդի ազգային զգացմունքները»,- նշված է հայտարարության մեջ:

 

Հայտարարությունում ասվում է, որ ԱԳՆ-ն ռուսական իշխանություններից ակնկալում է «Ժիրինովսկու հայտարարությանը սկզբունքային գնահատական»: Անցած տարվա գարնանն այդ երկրի խորհրդարանը քվեարկել է Ժիրինովսկուն «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») ճանաչելու օգտին: Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ անհրաժեշտ է «Ղրղզստանից վերցնել» Իսիկ Կուլ լճի հանգստյան գոտին՝ ՌԴ-ին ունեցած պարտքերի դիմաց:

 

Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարությունում նույնպես նշվում է, որ Ժիրինովսկին՝ «նման բարձր պետական պաշտոնյան, պետք է լուրջ վերաբերվի իր հրապարակային արտահայտություններին»: ԱԳՆ-ն կոչ է արել պաշտոնական գնահատական տալ Ժիրինովսկու ելույթին և նշել է, որ այժմ «քննարկվում է անձամբ Ժիրինովսկու նկատմամբ դիվանագիտական բնույթի միջոցների ձեռնարկման հնարավորությունը»: