«Նաիրտի» հարցով հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախագիծը մերժվեց. նաիրիտցիները ԱԺ-ի մոտ բողոքում էին (տեսանյութ)

13:01 • 26.02.14

«Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախագիծը ԱԺ մեծամասնությունը մերժեց. Կողմ՝ 44, դեմ՝ 55 և 1 ձեռնպահ քվեարկությամբ։ Իսկ մինչ քվեարկությունը ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: «Որպեսզի մեծամասնությունը քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ մտածի»,- լրագրողների հետ զրույցում ընդմիջման իմաստը բացատրեց նա։


Արդեն քվեարկությանը վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց, որ թե՛ հանձնաժողովում և թե՛ քննարկումներում իրենք իրենց տեսակետը ներկայացրել են, որ ոչ թե կողմնակից չեն հանձնաժողով ստեղծելուն, այլ կարծում են, որ այս պահին դա կխանգարի բանակցությունների ընթացքին և իր հիմնական արդյունքին չի ծառայի։ «Խմբակցությունը դեմ է քվեարկելու»,-հայտարարեց նա։


Մինչ քվեարկությունը ԱԺ-ի առաջ կրկին հավաքվել էին «Նաիրիտի» աշխատակիցները։ Նրանք եկել են հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանն աջակցելու։ Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցները նշեցին, թե հույս չունեն, որ կընդունվի ՀՅԴ-ի նախագիծը, քանի որ երեկ քննարկումից հասկացել են, որ ԱԺ մեծամասնությունը դեմ է։ «Կառավարող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, դեմ է, բայց չենք հասկանում ինչո՞ւ չեն ուզում աշխատի, ու աշխատող գործարանը փակում են»,- ասաց աշխատակիցներից մեկը։


Նրանք տեղյակ էին, որ մեծամասնությունը կողմ է, որ հանձնաժողովն աշնանը ստեղծվի, բայց հարցնում են, թե մինչև այդ իրենք ինչ անեն. «Բա մինչև աշուն ի՞նչ անենք, մարդիկ ուզում են ապրեն չէ՞, 15 ամիս աշխատավարձ չեն ստացել»։


Մեր հարցին, թե իրենք էլ համակարծիք են ընդդիմության տեսակետի հետ, որ գործարանը մտածված սնանկացման են տանում, պատասխանեցին. «Սնանկացման չտարան, պարզապես չկարողացան իրար մեջ կիսել։ Աշխատող գործարանի հոսանքը անջատեցին,10 դիրեկտոր բերեցին, ու ամեն մեկը սկսեց քայքայել, «վսյո»։ Իսրայելյանը մենակ եկավ աշխատացրեց, պարտքերը փակեց, տվին գլխին հանին»։