ԱՄՆ-ն կարող է իր բոլոր զորքերը դուրս բերել Աֆղանստանից` անգամ առանց համապատասխան համաձայնագրի ձեռքբերման
Օբամայի վարչակազմն Աֆղանստանի իշխանություններին տեղեկացրել է, որ իրենք բլեֆ չեն անում և կարող են առաջիկայում այդ երկրից դուրս բերել իրենց ամբողջ զինուժը, հայտնում է CNN-ը:
Հայտնի է դարձել, որ երեքշաբթի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Աֆղանստանի նախագահի հետ: Ապա համապատասխան հարցում է արել Պենտագոնին:
ԱՄՆ-ն հայտնել է, որ առաջին անգամ սկսել է ծրագրել իր բոլոր զինվորականներին մինչև 2014-ի ավարտն Աֆղանստանից դուրս բերելը` անգամ եթե այդ երկրի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք չբերվի:
Ըստ աղբյուրի` Սպիտակ տան և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հայտարարությունները ցույց են տվել, որ Օբամայի համբերությունը հատել է. Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրաժարվում է համաձայնագիր ստորագրել, որով մարտական գործողությունների ավարտից հետո Աֆղանստանում կշարունակեն տեղակայված մնալ մի քանի հազար ամերիկացի զինվորականներ:
Կանխատեսումներ կան, որ զորքերի ամբողջական դուրսբերումից հետո Աֆղանստանում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել: Իրավիճակը բարդանում է նրանով, որ ապրիլին Աֆղանստանում նախագահական ընտրություններ են:










