Հայաստանի իշխանությունը պետք է դասեր քաղի Ուկրաինայի իրադարձություններից. Ռիչարդ Կիրակոսյան
Հայաստանի իշխանությունը պետք է դասեր քաղի Ուկրաինայի իրադարձություններից և հասկանա, թե ինչքան վտանգավոր է անտեսել հասարակության պահանջները: Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի վրա դրանց ազդեցությունների մասին, այսպիսի տեսակետ հայտնեց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ նշելով, թե Ուկրաինան շատ է տարբերվում Հայաստանից, թեպետ շատ նմանություններ էլ կան:
«Հատկապես տնտեսական անհամատեղելիության և հասարակական անվստահության հարցում շատ նմանություններ կան, թեև Հայաստանի քաղաքացիական հասարակությունը շատ ավելի քիչ է կազմակերպված, քան Ուկրաինայինը»,- ասաց վերլուծաբանը՝ ավելացնելով, որ հայաստանյան օլիգարխիան և ընդդիմությունը ևս պետք է դասեր քաղեն Ուկրաինայի դեպքերից:
Ըստ նրա, օլիգարխիան պետք է աչքի առաջ ունենա հատկապես այն, թե ինչ եղավ, երբ Յանուկովիչը դիմեց փախուստի, իսկ ընդդիմության քաղած դասը նախևառաջ պետք է վերաբերի շարժիչ ուժին:
«Առաջնորդություն,կազմակերպվածություն, ռազմավարական տեսլական. Հայաստանի հին ընդդիմությունը ձախողեց այս երեք կատեգորիաներում»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը՝ ավելացնելով, թե նորամուծությունները ևս կարևոր են, բայց Հայաստանի ընդդիմության համար պետք է դաս լինի նաև այն, որ աշխարհագրական ակտիվությունը ևս շատ կարևոր է ու պետք է շրջաններում ևս գործողություններ կատարել:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե այժմ, «Մարտի 1-ի» դեպքերից տարիներ անց, արդյոք հայաստանյան ընդդիմությունը դասեր քաղել է, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց. «Ցավոք, և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ ընդդիմությունը պատմությունից դասեր չեն քաղում: Չեմ կարծում, թե առաջիկայում նրանք իրենց սխալները կշտկեն»:
Անդրադառնալով բուն Ուկրաինայի իրադարձություններին, վերլուծաբանը կարմիր նարնջի արյունալի հեղափոխություն անվանեց այն, դժվարանալով ասել, թե ապագայում ինչ կլինի այնտեղ, բայց համոզմունք հայտնեց, թե Ուկրաինան տարածքային փլուզում չի ունենա, նշելով, որ Ռուսաստանի համար է նաև կարևոր, որ Ղրիմը մնա Ուկրաինայի կազմում:










