Յանուկովիչին չօգնեցին ոչ միլիարդները, ոչ օլիգարխները. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Արչեվանի» հաղորդման ժամանակ ասել է, որ երբ Յուլյա Տիմոշենկոն առաջին անգամ պաշտոնական այցով Վրաստան է եկել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին պոռնոգրաֆիկ ֆիլմ է նկարել, գրում է Грузия Online-ը:
«Ինձ և Յուլյա Տիմոշենկոյին կապում է վաղեմի բարեկամությունը: 2004 թվականին նա պաշտոնական այցով եկել էր Վրաստան՝ որպես Ուկրաինայի վարչապետ: Պուտինը, եթե հիշում եք, անգամ պատվիրել էր պոռնոգրաֆիկ ֆիլմ նկարել իմ և Յուլյայի մասին»,- ասել է նա։
Նախագահական ընտրություններից առաջ, ըստ Սաակաշվիլու, Տիմոշենկոն խնդրել էր օգնել իրեն, և «մենք մեր շատ խորհրդականների և դիտորդների ուղարկեցինք իրենց ընտրություններին»:
«Վիկտոր Յանուկովիչի տապալումից երեք օր առաջ Վրաստանի կառավարությունը կամ դատախազությունը տվյալների հարցում է արել, թե ինչպես ենք մենք Ուկրաինա դիտորդներ ուղարկել, և այդ գործով հարուցվել է քրեական գործ: Ես չեմ խառնվում վրացական քաղաքականությանը, սակայն դա բավականին ծիծաղելի է և ողբալի: Յուլյա Տիմոշենկոն բանտից վերադարձել է այլ Ուկրաինա: Նա բանտում նստած էր քաղաքական մեղադրանքով: Բնականաբար՝ հնարած մեղադրանքով»,- ասել է նա:
Ուկրաինայում, ըստ նրա, 30 օլիգարխ կա, «դա շատ ակնհայտ օրինակ է, որ օլիգարխները, միլիարդները, փողերը չեն կարող օգնել»։
«Յանուկովիչին չօգնեցին ոչ փողերը, ոչ միլիարդները, ոչ օլիգարխները: Այն ամենն, ինչ տեղի ունեցավ, պետք է դաս լինի բոլորի համար: Շատ տաղանդավոր երիտասարդ մարդիկ կանգնած են այսօր Ուկրաինայի փողոցում, և դա չպետք է մոռանալ»,- հայտարարել է Սաակաշվիլին:










