Ձեր քաղաքական գնահատականներն արդեն շտամպային են դարձել. վարչապետը՝ ԲՀԿ-ական պատգամավորին
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության դանդաղեցման մասին այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամին հարց հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը, ինչին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր պատասխանի մասին պատգամավորի մեկնաբանությունը որակելով քաղաքական գնահատականներ, որոնք, նրա խոսքով, արդեն շտամպային են դարձել:
«Այդ հարցը ես հնչեցրել եմ այս ամբիոնից և տվել եմ բացատրություններ, թե ինչու են դանդաղել աշխատանքները: Մենք նախապատվությունը տվել ենք որակով աշխատանքի իրականացմանը: Խնդիրն այն է, որ Հայաստանում չկան այն կարողությունները, որոնք պետք է մեզ հնարավորություն տային նախագծել նման ճանապարհ, մենք չունեինք փորձ ու գիտելիքներ, թե ինչպես են կառավարվում նման լայնածավալ աշխատանքները և բավականին ժամանակ պահանջվեց, որ մենք գտնենք ճիշտ մոդելը»,-ասաց վարչապետը։
Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ իրենք ուսումնասիրել են նաև հարևան Վրաստանի փորձը և տեսել, որ նմանատիպ խնդիրներ առաջացել են նաև նրանց մոտ, դրա համար այնտեղ ևս ծրագիրը նախատեսվածից ավելի ուշ է սկսել:
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ բացի այդ, Կառավարության կողմից չի կատարվել լայնածավալ ներդրումներ, և լրացուցիչ կապտալ ներդրումներ են պետք այդ ոլորտում: «Սրանք են պատճառները, որ ձգձգվել են աշխատանքները, և այս տարի արդեն մեծ թափով այդ աշխատանքները տեղի կունենան»,-վստահեցրեց նա:
Պատասխանի մասին Վահան Բաբայանն ասաց, որ, իհարկե, գնահատելի է, երբ վարչապետը շեշտում է, որ այդ հարցում և՛ Կառավարությունն է մեղավոր, և՛ այլ պատճառներ կան: Սակայն, ըստ նրա, իրավիճակը ցույց է տալիս, որ վարչապետի տված շատ խոստումներ իր ներկայացրած «բարի ցանկությունների բրոշյուրից է»:
Պատգամավորի մեկնաբանության մասին էլ վարչապետն ասաց, որ նրա նպատակն էր քաղաքական գնահատականներ հնչեցնելը, այլ ոչ ճանապարհի շինարարությունից հետաքրքրվելը:
«Ձեր խոսքում շատ կարևոր երանգ կա, կարծես թե, մեկ անձով են պայմանավորված մեր երկրի պրոբլեմները, և եթե լինի մեկ հմուտ կառավարիչ, այդ խնդիրները կլուծվեն: Կարծես թե, այդ բոլոր գաղտնիքների պատասխանները դուք ունեք, բայց թաքուն եք պահում և ամեն ինչ տանում եք քաղաքական դաշտ: Դրանով ոչ մեկին չեք զարմացնում»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց պատգամավորին՝ ավելացնելով, որ այդ հարցի շնորհիվ բոլորին հասկանալի դարձավ, թե իրենք ինչ բարդությունների հետ են առնչվում այդ ծրագրում:










