ՌԴ Դաշնային խորհրդի անդամները մեկնում են Ուկրաինա՝ իրավիճակը գնահատելու

17:49 • 26.02.14

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամներն այսօր այցելելու են Ուկրաինայի հարավային շրջաններ ու Ղրիմ, հանդիպելու են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի գնահատեն իշխանափոխության հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը։

 

Ինչպես նշում է Газета-ն, հայտնի է, որ ռուսական պատվիրակությունը Ղրիմում կմնա 1 շաբաթ։ Աղբյուրը նաև հավելում է, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմն իր հսկողության տակ է վերցրել Սևաստոպոլ քաղաքի ռազմական օբյեկտները։ 2010թ. Մոսկվայի և Կիևի միջև ձեռք բերված համաձայնությունը թույլ է տալիս ռուսական նավատորմին Ղրիմում տեղակայվել մինչ 2041թ.։

 

Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի առաջատար փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը գտնում է, որ Սևաստոպոլի բազան ռազմավարական նշանակություն ունի, և եթե այն կորցնելու սպառնալիք առաջանա, ապա Ռուսաստանը կմիջամտի ուկրաինական կոնֆլիկտին։

 

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը թիկունք կկանգնի Ղրիմին, Սևաստոպոլին՝ ունենալով տեղի բնակչության աջակցությունը։

 

Քաղաքագետը հավելել է, որ Ռուսաստանը կա՛մ կկորցնի, կա՛մ էլ ուժով կվերցնի Ղրիմը, քանի որ արմատական ուկրաինացիները որոշել են գնալ մինչև վերջ. նրանց չի գոհացնում իշխանության ոչ մի տեսակ։