ՀՀ–ն գրանտային օգնություն կստանա՝ ՄՄ–ին անցումը անցավ իրականացնելու համար. Տ. Սարգսյանը՝ Սոչիում Դ. Մեդվեդևի հետ հանդիպման մասին

20:16 • 26.02.14

Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողությունից հետո ի՞նչ հարցեր է քննարկել ՀՀ վարչապետը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ. դրանք վերաբերե՞լ են ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը, Ատոմակայանին, և ի՞նչ պայմանավորվածություններ են եղել «Ռոսնեֆտի» հետ։

 

Ըստ ՀՀ վարչապետի՝ հանդիպմանը առանցքային է եղել Մաքսային միության թեման, և խոսել են աշխատանքային խմբերի կողմից կատարած աշխատանքների մասին։

 

«Մեր գործընկերները օգնում են մեզ նախապատրաստել համապատասխան օրենք, որ անցումը լինի սահուն, իսկ աշխատանքային խմբի ղեկավարները պարբերաբար հաշվետվություն են տալիս այդ մասին»,-նշեց վարչապետը։ Նա նաև նշեց, որ կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ բիզնես հատվածի հետ՝ բացատրելու, թե ինչ է նշանակում ՄՄ և ինչ նորմատիվների դաշտ է գործելու։ Վարչապետը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մասնագետներ ժամանեն Հայաստան և ներկայացնեն ռեժիմները։

 

«Մենք պայմանավորվել ենք, որ լինելու է գրանտային օգնություն ՀՀ Կառավարությանը, որ անցումը լինի անցավ, որ լինի թափանցիկ, տնտեսության, քաղաքացիների համար»,-նշեց նա։

 

Վարչապետ Սարգսյանը նաև նշեց, որ քննարկվել է նաև աշխատուժի ազատ տեղաշարժի հարցը և ավելացրեց, որ երկկողմ պայմանագիր է կնքելու քաղաքացիների համար բարենպաստ միգրացիոն պայմաններ ստեղծելու համար՝ ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխության համատեքստում։

 

Անդրադառնալով «Ռոսնեֆտ»–ի հետ կապված հարցին, ՀՀ վարչապետը նշեց, որ ՌԴ վարչապետի հանձնարարությամբ կազմվել է համապատասխան հաշվետվություն և հանդիպման ժամանակ լսել են «Ռոսնեֆտ»–ի ղեկավարի հաշվետվությունը, ով ներկայացրել է այն ծրագիրը, որ պետք է 500 մլն դոլարի ներդրում իրականացվի Հայաստանում։

 

«Ներկայացվեցին մանրամասները, խնդիրները, որ մոտակա շաբաթների ընթացքում լուծենք ծրագիրը «Ռոսնեֆտ»–ի հետ»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանի հարաբերական առավելությունն այն է, որ ունենք մասնագետների հզոր բանակ։

 

Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա Տիգրան Սարգսյանը նշեց, որ պայմանավորվածությունը այն է եղել, որ անհրաժեշտ է գտնել ճիշտ բանաձևը աշխատանքների ֆինանսավորման համար։ «Առաջարկը ընդունվեց ՌԴ վարչապետի կողմից և հանձնարարականներ տվեցինք, որ մոտակա շաբաթների ընթացում հարցը վերջնականապես լուծվի»,-նշեց նա։