Ուկրաինան չպետք է ընտրի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև. Քերի

09:46 • 26.02.14

Ուկրաինայի առաջ չպետք է լինի ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու հարց, հայտարարել է ամերիկացի պետքարտուղար Ջոն Քերին, գրում է Взгляд-ը:

 

«Դա Արևմուտքն Արևելքի դեմ չէ: Դա չպետք է լինի: Դա Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն չէ: Բանն այն է, որ ուկրաինացի ժողովուրդն ընտրում է իր ապագան: Եվ մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի, այլ երկրների, բոլորի հետ՝ այսօրվանից իրադարձությունների խաղաղ զարգացումն ապահովելու համար, քանի որ սարսափելի բռնությունները Մայդանում ցնցել են ողջ աշխարհը»,- ասել է Քերին հակամարտության գոտիներում սեռական բռնությունների կանխարգելման հարցերով համաժողովի ժամանակ:

 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, որը նույնպես մասնակցել է համաժողովին, հայտարարել է, որ ուկրաինացի ժողովրդի կողմից իր ապագայի ինքնուրույն որոշումը համապատասխանում է իր երկրի ազգային շահերին:

 

«Մենք աջակցում ենք նրանց լիարժեք կառավարություն ձևավորելու հարցում, որը հնարավոր է դարձնում քաղաքական համաձայնության ձեռքբերումը, քաղաքական մշակույթի փոփոխությունը, որտեղ կոռուպցիան դարձել էր համատարած»,- ասել է Հեյգը:

 

Երեքշաբթի Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկրի նոր իշխանությունները պատրաստ են վերսկսել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ երկխոսություն՝ նոր կառավարության ձևավորումից հետո: