Ինքն իր արած գործի համար պետք է իր պատիժը կրի. Յուրի Վարդանյանը` որդու մասին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով իր որդու դատավարության մասին լրագրողների հարցին, ասաց, որ իր որդու հետ ամեն ինչ նորմալ է, ինքը չի մասնակցում դատերին, և դատական նիստերը տեղի են ունենում այնպես, ինչպես կարգն է, իսկ իր որքին իր արարքի համար պետք է պատիժը կրի:
Միաժամանակ նախարարը նշեց, որ դա չի նշանակում, որ ինքը չի անհանգստանում իր որդու համար:
Դիտարկմանը, թե նա ասել էր, որ չի միջամտելու դատական գործի ընթացքին, արդյոք չի փոխել իր դիրքորոշումը, նախարարն արձագանքեց. «Ի՞նչին միջամտեմ, ի՞նչ միջամտեմ, եթե ինքն է սխալ թույլ տվել և իր սխալի համար պետք է պատժվի, միջամտեմ, որ ի՞նչ»:
Յուրի Վարդանյանը նշեց, որ անձնական հարցերի համար պաշտոնական դիրք օգտագործելը սխալ է համարում, մանավանդ որ իր որդին է սխալ եղել: Ըստ նրա՝ ինքը նախատել է որդուն թմրամիջոց օգտագործելու համար, և իր համար ցավալի է ամեն անգամ խոսել այս թեմայից:
«Լավ բան չի արել և որևէ մեկի երեխային չեմ ցանկանա, որ անկախ նրանից պաշտոնյա է, ոչ պաշտոնյա է, ինչ է նշանակում, մարիխուանա ծխել, դա շատ վատ երևույթ է, առավել ևս իմ տղան չպիտի աներ նման բան»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ եթե չի կարողացել իր որդու համար օրինակ ծառայել, կարո՞ղ է երիտասարդ սերնդի համար օրինակ լինել, նախարարը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում, որ չեմ կարողացել օրինակ ծառայել, եթե ես անընդհատ զբաղված եմ եղել, 16 տարի Ամերիկայում եմ եղել, գիտեք այնտեղ 13 տարեկանից այդ գործերով զբաղվում են դպրոցներում»:
«Ես էլ այդ ուղղությամբ շատ փակ մարդ եմ, որ մինչև հիմա իմ կյանքում ես մարիխուանա չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ է իրենից ներկայացնում, ոնց կարող էի ուշադիր լինել, եթե այդ ճանապարհը չեմ անցել, եթե անցած լինեի, ուշադիր կլինեի, որ իմ երեխան էլ չաներ այդ սխալ գործերը, ուղղակի վրիպում է եղել, ես պետք է ավելի շատ ուշադիր լինեի, քան եղել եմ, բայց մյուս երկու տղաներիս մոտ նման բան չկա»,– ասաց Յուրի Վարդանյանը:
Թեև նախարարի համար չարիք է նման դեպքերը, բայց նա նշեց, որ ուրախ է, որ սա բացահայտվել է:










