Սիրիայի կառավարական ուժերը 150 մարդու են սպանել
Սիրիայի կառավարական ուժերը դարանակալել և առնվազն 150 մարդու են սպանել Դամասկոսի արևելքում, հայտնում է The Washington Post-ը:
Դա տեղի է ունեցել չորեքշաբթի. սա, աղբյուրի գնահատմամբ, մեկ օրում տեղի ունեցած ամենաարյունալի հարձակումներից է, որ արձանագրվել է Սիրիայի պատերազմի ժամանակ:
Այս հարձակումը տեղի է ունեցել Ութեյբա քաղաքի մոտ, որն ընդդիմադիրներն օգտագործում են Հորդանանի սահմանից զենք-զինամթերք անցկացնելու նպատակով: Կեսգիշերից հետո պաշարված քաղաքը փորձել են լքել 100 քաղաքացիական անձինք և 75 զինյալներ, սակայն հայտնվել են ծանր կրակահերթերի թիրախում: 24 հոգի ողջ է մնացել և ծանր վիրավորված` վերադարձել է քաղաք:
Սիրիական պետական լրատվամիջոցները հայտնում են 175 զոհի մասին, որոնց բոլորին անվանում են ահաբեկիչներ: Ըստ որոշ տվյալների` դարանակալումն իրականացվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկների մասնակցությամբ:










